Հորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
INTERNATIONAL NEWSԻրանի շուրջ հակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով Եվրամիությունը 90 մլրդ եվրո է կորցրել։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ հակամարտության սկզբից ի վեր հանածո վառելիքի ներկրման համար ԵՄ լրացուցիչ ծախսերը կազմել են 90 մլրդ եվրո, ընդ որում՝ ստացված էներգիայի ծավալը չի ավելացել։
Ֆոն դեր Լյայենը կոչ է արել արագացնել սեփական էներգետիկայի զարգացումը, ներառյալ վերականգնվող աղբյուրները, ատոմային էներգետիկան, բիոմեթանը և այլ տեխնոլոգիաներ:
Նա առանցքային խնդիրներից մեկն անվանել է Եվրոպայի էլեկտրիֆիկացումը։ ԵՄ-ն նախատեսում է մինչև 2040 թվականը էներգասպառման մեջ կրկնապատկել էլեկտրաէներգիայի իր մասնաբաժինը: Եվրահանձնաժողովի ղեկավարի գնահատմամբ՝ դա թույլ կտա կրճատել հանածո վառելիքի ներկրման ծախսերը տարեկան 260 մլրդ եվրոյով:
Իրանի շուրջ հակամարտությունը հանգեցրել է լարվածության աճի Հորմուզի նեղուցի շրջանում, որը նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային առևտրի առանցքային ուղիներից մեկն է: Նեղուցում նավարկության խափանումներն ու ռիսկերը արտացոլվում են էներգակիրների արժեքի և դրանց ներմուծումից կախված երկրների ծախսերի վրա:



