Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրին
CULTUREՄաեստրո Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի միջազգային երաժշտական հիմնադրամը հրավիրում են մինչև 18 տարեկան հայ երիտասարդ դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars Program-ի 2027–2029 ուսումնական տարվա ծրագրին։
Առաջին անգամ է Հայաստանի երիտասարդ երաժիշտներին ընձեռվում հնարավորություն դառնալու աշխարհի ամենահեղինակավոր երիտասարդ դաշնակահարների ծրագրերից մեկի մասնակից և իրենց տաղանդը ներկայացնելու միջազգային բարձրագույն մակարդակում։
Լանգ Լանգի միջազգային երաժշտական հիմնադրամի կողմից ստեղծված Young Scholars Program-ը 2008 թվականից աջակցում է բացառիկ տաղանդ ունեցող երիտասարդ դաշնակահարների՝ նրանց մասնագիտական և ստեղծագործական զարգացման կարևորագույն փուլում։ Ծրագրի շրջանակում մինչ օրս ավելի քան 60 երիտասարդ երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից ստացել են հնարավորություն՝ աշխատելու աշխարհահռչակ երաժիշտների և առաջատար երաժշտական հաստատությունների մասնագետների հետ։
Ընտրված Young Scholars-ները դառնում են բացառիկ միջազգային երաժշտական համայնքի անդամներ՝ ստանալով Լանգ Լանգի և աշխարհի առաջատար երաժշտական հաստատությունների մասնագետների մենթորությունը, մասնակցելով միջազգային ակադեմիաներին և ունենալով ելույթների հնարավորություն աշխարհի հեղինակավոր բեմերում։
2027–2029 ուսումնական տարվա համար հայտերի ընդունելությունը բաց է մինչև 18 տարեկան դաշնակահարների համար՝ մինչև 2026 թվականի հոկտեմբերի 2-ը։ Հայաստանից երիտասարդ տաղանդները առաջին անգամ հնարավորություն ունեն ներկայանալու այս բացառիկ միջազգային հարթակին և իրենց երաժշտական ներուժը ներկայացնելու աշխարհին։
Ծրագրի, ընդունելության պահանջների և դիմելու կարգի մասին ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ Lang Lang International Music Foundation-ի պաշտոնական կայքում։



