Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերը
LIFEՎերջին շրջանում Հայաստանում ջրի որակի հետ կապված ահազանգերը շատացել են, իսկ որոշ համայնքներում ջրի հետ կապված խնդիրներ են արձանագրվել։
Իսկ ինչպե՞ս կարելի է տանը գոնե նախնական պատկերացում կազմել ջրի վիճակի մասին։
Կա շատ պարզ մեթոդ․ վերցրեք մաքուր, սպիտակ անձեռոցիկ կամ սուրճի ֆիլտր և ջուրը անցկացրեք դրա միջով։ Այնուհետև նայեք՝ արդյոք թղթի վրա մնացել են շագանակագույն, դեղին, սև կամ այլ գույնի հետքեր, նստվածք կամ տեսանելի մասնիկներ։
Եթե նման հետքեր նկատվում են, դա կարող է հուշել, որ ջրում կան որոշ կեղտի մնացորդներ կամ մասնիկներ, և ջուրն արժե լրացուցիչ ստուգել։
Մյուս տարբերակը ջրի բազմապարամետր թեստ-շերտերն են։ Դրանք կարելի է գտնել դեղատներում կամ մասնագիտացված խանութներում։ Թեստ-շերտը ջրի մեջ ընկղմելուց հետո ստացված գույնը համեմատում եք փաթեթի սանդղակի հետ։ Կախված թեստի տեսակից՝ կարելի է նախնական ստուգել, օրինակ, pH-ը, ջրի կարծրությունը, քլորը, նիտրատներն ու նիտրիտները։
Սակայն կարևոր է հիշել՝ այս տնային մեթոդները նախնական ստուգման համար են։ Անձեռոցիկով կամ սովորական բազմապարամետր թեստ-շերտով հնարավոր չէ վստահորեն բացառել սնդիկի, կապարի կամ այլ ծանր մետաղների առկայությունը։
Դրանք կարող են լինել ջրում նույնիսկ այն դեպքում, երբ ջուրը ամբողջովին թափանցիկ է։
Ուստի Past.am-ը հորդորում է, եթե կասկած ունեք ջրի որակի վերաբերյալ, տնային ստուգումը կարող է լինել միայն առաջին քայլը, իսկ վերջնական պատասխանը տալիս է հատուկ լաբորատոր հետազոտությունը։



