Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն
CULTUREՊաշտոնական Բաքուն այսօր անընդունելի է որակել Վրաց Պատրիարքության հայտարարությունը Քուրմուխի վանքի՝ Սուրբ Գիորգի եկեղեցու վերաբերյալ, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում և որն ադրբեջանցիներն անվանում են «Քյուրմյուք»: Հայտնում է Ազատությունը։
Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության համաձայն, որը փոխանցում է APA լրատվական գործակալությունը, Վրաց Պատրիարքության հայտարարությունը «հակասում է Ադրբեջանի և Վրաստանի միջև գոյություն ունեցող բարեկամության, գործընկերության և բարիդրացիության ոգուն»:
Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները ներկայացնելը այլ անվանումներով անընդունելի է, պնդում է Բաքուն՝ անհասկանալի համարելով «Վրաց Պատրիարքության մոտեցումը, որը հավակնություններ է պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»:
Ադրբեջանի ԱԳՆ-ը խորհուրդ չի տալիս Վրաց Պատրիարքությանը «կրկնել Հայկական եկեղեցու հայտնի մոտեցումը և գնալ նրա ճանապարհով»:
Վրացական «Գրուզիա Օնլայն» պարբերականի փոխանցմամբ՝ Վրաց Պատրիարքություննը երեկ իր հայտարարությամբ մտահոգություն էր արտահայտել Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Քուրմուխի վանքում իրականացվող աշխատանքների կապակցությամբ:
«Թեև Քուրմուխի վանքն այսօր գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում, այն մեր երկրի և եկեղեցու պատմական և հոգևոր կարևորագույն հուշարձան է», - ընդգծել էր Պատիրարքությունը՝ հավելելով, որ վանքում աշխատանքների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեն ստացել Ադրբեջանի պետական գերատեսչություններից:
«Տագնապ են հարուցում վերջին օրերին մեդիատարածքում տարածված տեղեկատվությունը և լուսանկարներն ու տեսանյութերը պատմական Էրեթիում, Քուրմուխիում Սուրբ Գիորգի եկեղեցում և նրան հարող տարածքում իրականացվող աշխատանքների մասին», - նաև հայտարարել էր Վրաց Պատրիարքությունը:



