TikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար
INTERNATIONAL NEWSԴատավարության մեկնարկից անմիջապես առաջ կնքված համաձայնագրով՝ TikTok-ն Ալաբամա նահանգին առնվազն 100 միլիոն դոլար կվճարի և դեռահասների համար նոր սահմանափակումներ կկիրառի։ Դատական նիստը պետք է սկսվեր երկուշաբթի օրը, հայտնում է CBS News-ը։
Ալաբաման TikTok-ի դեմ հայց էր ներկայացրել դեռ 2025 թվականին՝ հարթակին մեղադրելով երեխաների և դեռահասների հոգեկան առողջության վրա բացասական ազդեցություն ունենալու մեջ։ Հայցվորները պնդում էին, որ անհատականացված բովանդակություն առաջարկող TikTok-ի ալգորիթմները «կախվածություն առաջացնող հատկություն» ունեն, և ընկերությունը տեղյակ է եղել դրա հետ կապված ռիսկերին։
Ըստ համաձայնագրի՝ ընկերությունը որպես փոխհատուցում և հետևանքների վերացման միջոց 100 միլիոն դոլար կվճարի նահանգին։ Որոշակի պայմանների ապահովման դեպքում այդ գումարը կարող է հասնել մինչև 300 միլիոնի։ Լրացուցիչ վճարումների մի մասն էլ կախված է նրանից, թե արդյոք մյուս նահանգները ևս սահմանված ժամկետում նմանատիպ համաձայնագրեր կկնքեն TikTok-ի հետ։
Բացի ֆինանսական վճարումներից, հավելվածը փոփոխություններ կմտցնի նաև Ալաբամայի դեռահաս օգտատերերի համար նախատեսված գործիքակազմում։
Մասնավորապես, նրանք հնարավորություն կունենան ոչ անհատականացված լրահոս ընտրել։ TikTok-ը նրանց համար կարգելի նաև կոսմետիկ միջամտություններ նմանակող ֆիլտրերը և հավելվածից օգտվելու համար կսահմանի օրական երկու ժամ լիմիտ։
Գիշերային ժամերին՝ կեսգիշերից մինչև առավոտյան 6:00-ն, TikTok-ի մուտքը կարգելափակվի։ Դրանից բացի, 15 րոպե անընդմեջ օգտվելուց հետո դեռահասներին կառաջարկվի «արդյունավետ դադար» վերցնել, ինչը կկրկնվի նաև 60 և 90 րոպե անց։
Համաձայնագիրը նախատեսում է նաև օգտատերերի տարիքի ավելի խիստ ստուգում, ընդլայնված ու պարզեցված ծնողական վերահսկողության կարգավորումներ, բովանդակության ավելի խիստ մոդերացիա, ինչպես նաև դեռահասների հաշիվների փակ ռեժիմի ավտոմատ փոխադրում։
Ալաբամայի գլխավոր դատախազ Սթիվ Մարշալը հայտարարել է, որ այս որոշումը ծնողներին թույլ կտա ավելի լավ վերահսկել, թե ինչ են դիտում իրենց երեխաները և որքան ժամանակ են անցկացնում հավելվածում։
Միևնույն ժամանակ, TikTok-ը չի ընդունել դեռահասներին վնաս պատճառելու մեղադրանքը։ ԱՄՆ-ում հարթակի աշխատանքը համակարգող ամերիկացի ներդրողների կառույցի՝ TikTok USDS Joint Venture-ի ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունը շարունակում է կատարելագործել դեռահասների պաշտպանությանն ուղղված անվտանգության գործիքները։
Ալաբաման կարող էր դառնալ առաջին նահանգը, որը TikTok-ի դեմ նման պահանջով կկանգներ երդվյալ ատենակալների դատարանի առաջ։ Սակայն գործը փակվեց նախքան դատավարության մեկնարկը (կողմերի միջև կնքված համաձայնագրով)։
Ալաբամայի այս հայցը սոցիալական ցանցերի դեմ ուղղված ավելի լայն դատական արշավի մի մասն էր՝ պայմանավորված երեխաների վրա դրանց ենթադրյալ բացասական ազդեցությամբ։ Նախկինում նմանատիպ պահանջներով Կալիֆոռնիայում քննվել են Meta-ի և YouTube-ի դեմ գործեր։ Բացի այդ, օգոստոսին TikTok-ը 400 միլիոն դոլարի համաձայնագիր էր կնքել ԱՄՆ Արդարադատության նախարարության հետ՝ երեխաների անձնական տվյալների պաշտպանության դաշնային օրենքների հնարավոր խախտման գործով։



