ՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամի
INTERNATIONAL NEWSԻսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) Գազայի հատվածում իրականացրած երկու հարվածների հետևանքով սպանել է «Նուխբա» հատուկ ստորաբաժանման դասակի հրամանատարին և «ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թևի զինված անդամներից մեկին։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
«ՑԱՀԱԼ-ը հարված է հասցրել Նուսեյրաթի շրջանում (Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբար՝ խմբ.) և սպանել «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի «Նուխբա» հատուկ ստորաբաժանման դասակի հրամանատար Իբրահիմ Ֆաուզի Իսմայիլ Մոհսենին։ Մեկ այլ հարվածի հետևանքով, որը հասցվել է Խան Յունիսի շրջանում (քաղաք Գազայի հատվածի հարավում՝ խմբ.), ՑԱՀԱԼ-ը սպանել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի ևս մեկ զինված անդամի՝ Մուհամմադ Քամել Սուլեյման Մոհսենին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բանակի մամուլի ծառայությունում նշել են, որ սպանվածները «վերջին շրջանում հարձակումներ էին իրականացրել ՑԱՀԱԼ-ի զինծառայողների վրա», ինչպես նաև «գործում էին «ՀԱՄԱՍ»-ի մարտական ներուժը վերականգնելու ուղղությամբ»՝ դրանով իսկ «համակարգված կերպով խախտելով հրադադարի ռեժիմը»։
«Զինված անդամների ոչնչացումն իրականացվել է նրանցից բխող սպառնալիքը վերացնելու նպատակով»,- հայտարարել են իսրայելական զինվորականները՝ նշելով, որ «հարվածներից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար»։
Հետևեք մեզ՝ այստեղ



