Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը
SPORTԱզգերի լիգայի A լիգայի առաջին տուրում իսկական ֆուտբոլային ներկայացում ապահովեցին Անգլիայի և Իսպանիայի հավաքականները։ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած գերլարված ու դրամատիկ խաղում հյուրերը՝ իսպանացիները, 3:2 հաշվով տպավորիչ կամային հաղթանակ տարան։
Հանդիպումը մեկնարկեց դաշտի տերերի համար շոկային սցենարով. արդեն 2-րդ րոպեին Մարկ Գեհիի կոպիտ սխալից հետո Լամին Յամալն առաջ մղեց «Կարմիր ֆուրիային»: Անգլիացիներին որոշ ժամանակ պահանջվեց ուշքի գալու համար, և այդ ընթացքում Ֆերան Տոռեսը երկու անգամ վրիպեց նպաստավոր դիրքից՝ ներելով մրցակցին:
Անգլիան արթնացավ առաջին խաղակեսի վերջնամասում և ընդամենը չորս րոպեի ընթացքում շրջեց հանդիպման ընթացքը։ 36-րդ րոպեին Էնթոնի Գորդոնը սրընթաց հակագրոհի արդյունքում վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 40-րդ րոպեին Հարի Քեյնը՝ Մարկ Կուկուրելյայի անդրադարձի օգնությամբ, առաջ մղեց բրիտանացիներին՝ 2:1։
Հանդիպման բեկումնային դրվագը գրանցվեց երկրորդ խաղակեսի մեկնարկում։ 54-րդ րոպեին Ջուդ Բելինգհեմը Ռոդրիի հետ պայքարում 11-մետրանոց վաստակեց, սակայն Հարի Քեյնը չկարողացավ հստակ իրացնել այն՝ հարվածելով հորիզոնական դարպասաձողին։
Ֆուտբոլային չգրված օրենքն աշխատեց անմիջապես. իսպանացիները պատժեցին անգլիացիներին այդ վրիպման համար։ 60-րդ րոպեին Ալեքս Բաենան Դանի Օլմոյի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 2:2, իսկ 74-րդ րոպեին արդեն ինքը՝ Բաենան, փայլուն փոխանցումով դարպասապահի հետ դեմ դիմաց դուրս բերեց փոխարինման մտած Միկել Օյարսաբալին, ով նրբագեղ հարվածով խփեց իսպանացիների հաղթական գնդակը։
Այսպիսով, Իսպանիան կարևորագույն 3 միավոր վաստակեց բարդագույն արտագնա խաղում: Հիշեցնենք, որ այս խմբի երկրորդ տուրում (սեպտեմբերի 29-ին) Անգլիան կմրցի Չեխիայի, իսկ Իսպանիան՝ Խորվաթիայի հետ: Ազգերի լիգայի գործող գավաթակիրը Պորտուգալիայի հավաքականն է, որը նախորդ խաղարկության եզրափակիչում հաղթել էր հենց Իսպանիային։



