Ղազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում
INTERNATIONAL NEWSՂազախստանի ԱԳ նախարար Մուխտար Տլեուբերդին իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգային կոչ է արել թույլ չտալ Սև ծովում ղազախական նավերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներ։ Այդ մասին Տլեուբերդին հայտնել է ulysmedia.kz-ին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում Սիբիգայի հետ հանդիպումից հետո։
«Առաջին հերթին ուկրաինական կողմի հետ խոսել ենք այն մասին, որ հետագայում անհրաժեշտ է թույլ չտալ Սև ծովում մեր նավերի վրա անօդաչուների հարձակումները»,– ընդգծել է Ղազախստանի ԱԳ նախարարը։
Նա նշել է, որ Նյու Յորքում երկկողմ բանակցություններ է ունեցել մի շարք երկրների արտգործնախարարների, այդ թվում՝ Սերգեյ Լավրովի և Անդրեյ Սիբիգայի հետ։
«Նրանց հետ քննարկել ենք մեր հարաբերությունները՝ տեղի ունեցող հակամարտության համատեքստում»,– ասել է Տլեուբերդին։
Ավելի վաղ Ղազախստանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Աստանան դատապարտում է Ղազախստանի նավթի արտահանման ենթակառուցվածքի ուղղությամբ անօդաչուների կրկնվող հարձակումները, քանի որ դրանք վտանգում են քաղաքացիական նավագնացությունը, խաթարում միջազգային առևտուրը և սպառնում էներգակիրների համաշխարհային մատակարարումների կայունությանը։



