«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»
INTERNATIONAL NEWS«Փաստ» օրաթերթը գրում է.
politnavigator.net–ը «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը անամոթաբար ստում է ՀԱՊԿ-ի մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ իր տեսաբլոգում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար և ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ պնդում է, թե Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը անգործություն են ցուցաբերել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում ես անձամբ մասնակցել եմ ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու վերաբերյալ փաստաթղթի մշակմանը։ Այդ փաստաթղթում, որը ես այն ժամանակ պատրաստել էի մեկ այլ խորհրդականի հետ համատեղ, մենք հղում էինք կատարել 4-րդ հոդվածին, որը ենթադրում է «անհապաղ արձագանքում»։ Նիկոլից [Փաշինյանից] դեպի ԱԳՆ ճանապարհին փաստաթուղթը փոխվեց, հղում կատարվեց 2-րդ հոդվածին, ինչը նշանակում է «խորհրդակցությունների նախաձեռնում», այլ ոչ թե ակտիվ արձագանքում։ Երբ այն հասավ ԱԳՆ, պարզվեց, որ փաստաթուղթն իրականում այդպես էլ չի հասել ՀԱՊԿ։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում չի դիմել ՀԱՊԿ-ին։ Սա փաստ է։ Ուստի, նրանք կարող են մեղադրել միայն իրենք իրենց։ Կրկնում եմ՝ նրանք ստում են, անամոթաբար ստում են։
Երբ շատ ավելի ուշ սահմանին խնդիրներ առաջացան, Հայաստանն իսկապես դիմեց ՀԱՊԿ-ին։ Նկատի ունեցեք՝ դա արվեց 2-րդ հոդվածի շրջանակում։ Իսկ ի՞նչ է դա նշանակում. «խորհրդակցությունների նախաձեռնում, հանդիպումներ, որոշումների կայացում» և այլն։ Ավելին, այդ տարի Հայաստանն էր նախագահում կազմակերպությունում։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի ղեկավարն էր, սակայն հիմա ինքն էլ պնդում է, թե «ՀԱՊԿ-ը ոչինչ չի արել»։ Հարց է առաջանում՝ ու՞մ պետք է ուղղված լիներ դիմումը, իհարկե տվյալ ժամանակահատվածի ՀԱՊԿ ղեկավարին, իսկ դա Նիկոլ Փաշինյանն էր։ Հայց ներկայացվեց համաձայն 2-րդ հոդվածի։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարները հավաքվեցին և գիշերվա ընթացքում նախապատրաստեցին փաստաթղթեր, որոնք արդեն իսկ համաձայնեցված էին Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես չեմ մանրամասնի այն կոնկրետ միջոցառումները՝ ինչպիսիք են ՀԱՊԿ ուժերի տեղակայումը Հայաստանի տարածքում կամ սահմանի երկայնքով, դիտորդների ներկայությունը և այլն, սակայն առավոտյան Նիկոլ Փաշինյանը չստորագրեց փաստաթուղթը։ Հայաստանը միակ երկիրն էր, որ հրաժարվեց ստորագրել այն»,- հայտարարել է Կարապետյանը։
Նախկին նախարարը նաև քննադատել է Փաշինյանին ՀԱՊԿ-ից դուրս գալու սպառնալիքների համար: «Եթե ՀԱՊԿ-ն այդքան վատն է, ինչո՞ւ դուրս չեք գալիս։ Ասում եք՝ «գագաթնաժողով է սպասվում, եթե մեզ հեռացնեն՝ կհեռանանք»։ Եթե ձեզ դուր չի գալիս, ինչո՞ւ պարզապես դուրս չեք գալիս։ Շրջվեք ու հեռացեք։ Արժանապատվությամբ ասեք. «Ես հեռանում եմ» (ի վերջո, մենք անկախ պետություն ենք): Ինչո՞ւ եք մնում այնտեղ։ Կամ էլ պարզապես լռեք»,– ասել է նա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



