Էլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր
CULTURE3 ամսում երկու միջազգային հաղթանակ. Նիկոսիայի դրամատուրգիայի միջազգային մրցույթում հաղթանակից հետո հայազգի հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը դարձել է Լոնդոնի եվրասիական ստեղծագործական գիլդիայի (Eurasian Creative Guild) առաջին անգամ անցկացված «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր՝ անգլերենով գրված հեքիաթների «Լավագույն հեղինակ» անվանակարգում։ Իր սերնդակիցների մեջ ամենահաճախը տարբեր պետական թատրոններում բեմադրում են նրա պիեսները, իսկ հեքիաթները հաճախ բեմադրվում են նաև տարբեր ուսումնական հաստատություններում: Լոնդոնի ժյուրին արժևորել էր հայ հեքիաթագրի ինքնատիպ ձեռագիրը, գաղափաչական բովանդակությունը և այլն:
Ուկրաինացի հեքիաթագիր, փորձագետ և գրական մենթոր Վալերիա Ստրեկալովսկայան, անդրադառնալով հեքիաթագրին, մի հազվադեպություն է նկատել. «Մեր օրերում տղամարդ հեքիաթագիրները մեծ հազվադեպություն են։ Գիտեմ, որ տղամարդիկ սիրում են հեքիաթներ լսել, բայց հեքիաթներ գրել՝ այն էլ հումորով, վառ, նրբորեն ու միաժամանակ նրբանկատորեն, քչերին է տրված…. Էլֆիք Զոհրաբյանն ունի իր անկրկնելի ոճն ու ինքնատիպությունը։ Նա ընթերցողի հետ միասին խորասուզվում է հեքիաթային աշխարհում, քննարկում, երբեմն կատակով կսմթում ընթերցողին, դրդում նրան մտորելու, հրահրում, բայց միշտ՝ անսահման սիրով։ Այդ հեքիաթներից յուրաքանչյուրն առանձին աշխարհ է»։

Ուզբեկստանից հայտնի մանկագիր Ելենա Մակարովան առանձնացնում է հեքիաթագրի «Փետրվարի 30» գիրքը`շեշտադրելով «Յոթ օր, յոթանասուն տարի» հեքիաթի փիլիսոփայական խորքը. «Կարելի է սեփական կյանքն ապրել իմաստավորված յոթ օրվա ընթացքում, ու կարելի է ապրել նաև յոթանասուն տարի։ Յուրաքանչյուրն ինքն է ընտրում»։ Ալմաթիի հանդիպումը, նրա կարծիքով, եղավ «առաջին քայլը, առաջին աստիճանը դեպի Էլֆիքի նման նոր արևի ծագումը»։
Իր շնորհակալական խոսքում Էլֆիք Զոհրաբյանը հպարտությամբ խոսեց հայ ազգային հեքիաթի ավանդույթի մասին, մեջբերեց Հովհաննես Թումանյանին, ապա, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը Ալմաթիում իր մասնակցությունն ապահովելու համար, ամփոփեց խոսքը` մեկ քառյակ ղազախերեն արտասանելով ղազախ դասական պոետ Աբայ Կունանբաևից։
Մրցանակաբաշխությունից հետո բազմազգ մրցանակակիրներին հրավիրեցին Եվրասիայի ամենամեծ՝ Ալ Ֆարաբիի անվան համալսարան՝ հանդիպելու Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ։ Այնտեղ հայ հեքիաթագիրը պատմեց Հայաստանի գրական ու մշակութային կյանքի մասին և էկրանի առջև հայտնվող ապագա լրագրողներին մի քանի մասնագիտական խորհուրդ տվեց ձայնի մշակվածության, մատուցման արվեստի ու դերասանի վարպետության մասին։
Բայց Ալմաթիում Զոհրաբյանը միայն «հեղինակ» չէր։ Նա նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարն է, և փառատոնի օրերին էլ չմոռացավ իր ուսանողներին ու դասախոսներին։ Պաշտոնական այցով հանդիպեց Թ. Ժուրգենովի անվան արվեստների ակադեմիայի Պարարվեստի և Թատրոնի ֆակուլտետների դեկանների ու միջազգային կապերի բաժնի ղեկավարի հետ։ Քննարկեցին համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ փոխադարձ վարպետության դասերը:



