Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար
SOCIETYԿառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Օրինագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար։
Ընդ որում, առաջարկվում է որպես որակյալ հանցակազմ սահմանել 12 տարին լրացած, սակայն 16 տարին չլրացած անձի ծառայությունից օգտվելը՝ նախատեսելով ավելի ծանր պատիժ։ Բացի այդ, նախագծով առաջարկվում է նախատեսել երեխայի նկատմամբ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց գործուն զղջալու կամ տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու արգելք։
Նախագծով նաև շտկվում են ՀՀ քրեական օրենսգրքի՝ գործուն զղջալուն վերաբերելի կարգավորումներում առկա իրավական որոշ բացերը։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատման արգելք երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի թրաֆիքինգի կամ շահագործման դեպքում (գործող օրենսգրքում նման արգելք է նախատեսված մարդու թրաֆիքինգի, սակայն ոչ՝ երեխայի թրաֆիքինգի համար): Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ կստեղծվեն երեխայի՝ սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանության համար, կբացառվի այս դեպքերում քրեական պատասխանատվությունից ազատելու ձևավորվող պրակտիկան, որը չի բխում երեխայի լավագույն շահերից։ Բացի այդ, ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ Լանզարոտեի կոնվենցիայի պահանջներին:



