Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մոտ ժամանակում կսկսեն համալրել ռազմավարական նավթային պաշարները, հայտնում է Reuters-ը։
«Մենք շատ շուտով կհամալրենք մեր ռազմավարական պաշարները՝ անվճար», — ասել է Թրամփը ուրբաթ օրը Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում անցկացված նախընտրական հանրահավաքում։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե ինչ եղանակով է իրականացվելու համալրումը և ինչ ծավալների մասին է խոսքը։
Հայտարարությունը հնչել է նավթի և նավթամթերքի գների կտրուկ աճի ֆոնին, որը, մասնավորապես, կապված է Իրանի հետ պատերազմի հետ։ Նույն օրը G7-ի երկրները պայմանավորվել են արտակարգ պաշարներից համակարգված կերպով շուկա հանել 100 մլն բարել նավթ և նավթամթերք։ Դիզելային վառելիքի զգալի մասը նախատեսվում է շուկա դուրս բերել առաջիկա 20 օրվա ընթացքում, իսկ ամբողջ գործողությունը պետք է տևի մոտ չորս ամիս։
Միաժամանակ ԱՄՆ-ն արդեն քայլեր է ձեռնարկում սեփական Ռազմավարական նավթային պաշարի (SPR) աստիճանական վերականգնման համար։ Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտարարեց պաշարից մինչև 40 մլն բարել նավթի փոխանակման մրցույթի մասին․ ընկերությունները նավթը կստանան հիմա, սակայն այն ավելի ուշ պետք է վերադարձնեն հավելյալ ծավալով։ Գերատեսչության տվյալներով՝ նախորդ համաձայնագրերի շրջանակում մատակարարումները նախատեսված են 2026 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին։
Օգոստոսի վերջին Թրամփը նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է Վենեսուելայի հետ նոր պայմանավորվածության շրջանակում օգտագործել նավթը ռազմավարական պաշարը համալրելու համար։ Այդ պահին SPR-ում գտնվում էր մոտ 290 մլն բարել, ինչը մոտ էր 44 տարվա նվազագույն ցուցանիշին։



