Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը
INTERNATIONAL NEWSԻրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ նոր ռազմական գործողությունների դեպքում Թեհրանի պատասխանը կլինի նախկինից ավելի ուժեղ, սակայն պատերազմի ավարտին տանող դիվանագիտական ուղին մնում է բաց, հաղորդում է Mehr-ը։
«Եթե մեր թշնամիները ընտրեն ռազմական առճակատումը, նրանք կբախվեն պատասխանի, որը շատ ավելի հզոր կլինի, քան նախկինում։ Իսկ եթե նրանք ընտրեն դիվանագիտական ճանապարհը, մենք պատրաստ ենք արժանապատիվ լուծման հասնել դիվանագիտական միջոցներով», — ասել է Արաղչին Իրանում դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ նախարարի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին Նյու Յորքում իրանական պատվիրակության մասնակցության ընթացքում Թեհրանը ցույց է տվել պատերազմին և խաղաղությանը վերաբերող լուծումներ փնտրելու պատրաստակամություն։ Արաղչին հայտարարել է, որ Իրանին մեկուսացնելու փորձերը նպատակին չեն հասել, իսկ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները չեն կարող փոխել իրավիճակը։
«Մենք հաստատակամ և վճռական ենք ինքնապաշտպանության և դիվանագիտության առաջմղման հարցում», — ընդգծել է նա։
Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանը նույնքան լրջորեն է տրամադրված խաղաղ լուծում փնտրելուն, որքան ռազմական սպառնալիքներից պաշտպանվելուն։ Նրա կարծիքով, պատժամիջոցներն ու ռազմական գործողությունները չեն կարող ապահովել հակամարտության կարգավորում, մինչդեռ դիվանագիտական լուծումը կարող է հանգեցնել «Իրանի դեմ ագրեսիայի» դադարեցմանը։
Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Պարսից ծոցի արաբական երկրների հետ շփումներին։ Նա անցած հանդիպումները բնութագրել է բարեկամական և հայտարարել այդ պետությունների հետ հարաբերություններում «նոր ուղու» մեկնարկի մասին՝ նշելով տարածաշրջանում կայունության ապահովման հարցում ընդհանուր շահագրգռվածությունը։
Խոսելով եվրոպական երկրների մասին՝ Արաղչին կոչ է արել նրանց վերանայել Իրանի նկատմամբ իրենց մոտեցումը և երկխոսության մեջ մտնել Թեհրանի հետ, որպեսզի, իր արտահայտությամբ, չներքաշվեն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից «պատերազմ հրահրելու» մեջ։
Նա նաև «անհեթեթ» է անվանել Նյու Յորքից իրանական դիվանագիտական պատվիրակությանը արտաքսելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունները։ Արաղչին հայտնել է, որ իրանական պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ և լքել երկիրը նախապես ծրագրված ժամանակացույցին համապատասխան։



