Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել
SPORTՊորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը մեկնաբանել է ազգային թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ կողմերի միջև տարաձայնությունների մասին լուրերն արհեստականորեն ուռճացված են։
72-ամյա մասնագետը վստահեցնում է, որ իրենց միջև որևէ թյուրըմբռնում չկա։
«Այս ողջ պատմությունը՝ կապված նախավարժանք անել-չանելու, դաշտ դուրս գալ-չգալու հետ, պարզապես ուռճացված է, քանի որ խոսքը Ռոնալդուի մասին է։ Քանի՞ ֆուտբոլիստ է նախավարժանք արել, բայց խաղադաշտ դուրս չի եկել։ Շատերը։
Արդյոք դա խնդի՞ր է որևէ մեկի դեպքում։ Ո՛չ։ Ուզում եք, որ ներողությո՞ւն խնդրեմ։ Ես ոչ մեկից ներողություն չեմ խնդրում։ Միակ բանը, որում ինձ մեղադրում են, այն է, որ ես Ռոնալդուին ուղարկել եմ նախավարժանքի։ Ո՞ւմից և ինչի՞ համար պետք է ես ներողություն խնդրեմ»,- Ժեզուշի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Խոսելով Ռոնալդուի՝ հավաքական հնարավոր վերադարձի մասին՝ պորտուգալացի մասնագետն ընդգծել է, որ ազգային թիմի դռները միշտ բաց են լեգենդար ֆուտբոլիստի առջև.
«Ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա, ինձ համար ամեն ինչ բաց է։ Նա պետք է որոշի իր անելիքները մինչև հավաքական հաջորդ հրավերը ստանալը։ Եթե նա խաղում է և ցանկանում է լինել ազգային թիմում, կարող է վերադառնալ, երբ ցանկանա։ Ինչո՞ւ ոչ։ Դա պարզապես թյուրիմացություն էր, և իմ կարծիքով, այն հեշտությամբ կարելի է հարթել։ Որքանով ես եմ հասկանում, ամեն ինչ կարգին է։ Ե՞րբ սա վերջնականապես կհանգուցալուծվի. չգիտեմ, կտեսնենք»,- Ժեզուշի խոսքերն է փոխանցում A Bola-ն։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի՝ Դանիայի դեմ խաղից (4:2) առաջ 41-ամյա հարձակվողը լքել էր հավաքականի ճամբարը։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստի և գլխավոր մարզչի միջև կոնֆլիկտ է ծագել, իսկ O Jogo-ի հաղորդմամբ՝ Ռոնալդուն նույնիսկ որոշել է ավարտել կարիերան ազգային թիմում։



