Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Եվրոպայի խորհրդարանական ասամբլեայի (ԵԽԽՎ) պատվիրակ Դամիեն Կոտյեի հրապարակած աղմկահարույց զեկույցը, չնայած իր փափուկ ու դիվանագիտական ձևակերպումներին, ըստ էության բացահայտեց այն ապօրինությունների շղթան, որոնց պայմաններում ընթացել են վերջին ընտրական գործընթացները:
Փաստաթղթում արձանագրված իրողությունները հստակ ցույց են տալիս, որ ընտրությունները կազմակերպվել են վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրողներին ուղղակիորեն կաշառելու փորձերի և ընդդիմադիր դաշտի նկատմամբ կիրառված լայնամասշտաբ ճնշումների ֆոնին: Հավելենք նաև, որ այս ընտրարշավի հիմնական առանձնահատկությունն այն էր, որ իշխանական մեքենան դեռ նախընտրական փուլի մեկնարկից առաջ էր դիմել ծայրահեղ քայլերի։ Դեռ ընտրություններից առաջ ապօրինաբար կալանավորվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Սրանից հետո իշխանություններն իրենց ողջ արսենալն ու պատժիչ մեքենան ուղղեցին կուսակցական ակտիվի դեմ. առանցքային տարածքային կառույցների ղեկավարները, հարյուրավոր ակտիվիստներն ու քարոզարշավը կազմակերպող հիմնական դերակատարները զանգվածաբար ենթարկվեցին խուզարկությունների, ձերբակալությունների, տնային կալանքների ու բանտարկությունների։ Նպատակը մեկն էր՝ կազմալուծել կուսակցության նախընտրական ապարատն ու խաթարել քարոզարշավի բնականոն ընթացքը։ Սակայն անգամ առաջնորդի բանտարկության, կառույցների չեզոքացման և պետական մեքենայի աննախադեպ ճնշման պայմաններում «Ուժեղ Հայաստանին» հաջողվեց արձանագրել խոշոր ու պատկառելի արդյունքներ՝ հավաքելով զանգվածային քվեներ։
Զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ԲՀԿ) խորհրդարանից դուրս թողնելու գործընթացին։ ԲՀԿ-ն իրականում հաղթահարել էր անցողիկ շեմը և երաշխավորված անցնում էր խորհրդարան, սակայն մի շարք ընտրատեղամասերի արդյունքներ անվավեր ճանաչելու միջոցով նրա ցուցանիշը արհեստականորեն հասցվեց 3,99 %-ի։ Ընտրական սահմանադրական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն, նման իրավիճակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր էր նշանակել վերաքվեարկություն։ Սակայն ԿԸՀ-ն շրջանցեց օրենքի պահանջը։
Այս վարքագիծը պատահական չէր, քանի որ ԵԽԽՎ դիտորդները հատուկ արձանագրել են ընտրական ապարատի քաղաքականացվածությունը:
Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովները համալրված են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ սերտորեն փոխկապակցված անձանցով, իսկ ԿԸՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում է ՔՊ հիմնադիր անդամ Վահագն Հովակիմյանը։ Բացի այդ, իշխանությունը լայնորեն կիրառել է «սոցիալական կաշառքի» մեխանիզմը։ Ընտրություններից անմիջապես առաջ հայտարարված թոշակների բարձրացումը, առողջապահական ապահովագրական ծրագրերն ու սոցիալական փաթեթները դիտորդների կողմից որակվել են որպես վարչական ռեսուրսի չարաշահում և ընտրողների քվեները գնելու փորձեր։
Ամփոփելով՝ ԵԽԽՎ զեկույցում շարադրված փաստերի և դրա վերջում տրված «ընդհանուր առմամբ դրական» եզրակացության միջև առկա է ակնհայտ դիսոնանս։ Իսկ գլխավոր արձանագրումն այն է, որ իշխանական ողջ ապարատի, ուժայինների ու տոտալ ճնշումների պայմաններում ընդդիմադիր ճակատը կարողացավ այնպես անել, որ իշխանություններն այդպես էլ չկարողացան կորզել բացարձակ հաղթանակ և, ըստ էության, չհաղթահարեցին նույնիսկ 50 %-ի շեմը։
Փաստորեն, ի՞նչ է ստացվում քաղաքական այս ամբողջ պատկերի արդյունքում։ Ռուսաստանը պետական մակարդակով, ըստ էության, չի ճանաչել ընտրությունների արդյունքները և չի շնորհավորել «Քաղաքացիական պայմանագրի» այդ, այսպես կոչված, «հաղթանակը»։ Մյուս կողմից, չնայած արևմտյան մի շարք առաջնորդներ սկզբում շտապեցին շնորհավորել ու ընդունել արդյունքները, Եվրոպան աստիճանաբար սկսել է հրապարակել զեկույցներ ու հայտարարություններ, որոնք լուրջ կասկածի տակ են առնում ընտրությունների լեգիտիմությունը։ Ակնհայտ է, որ առաջիկայում քաղաքական ճնշումների, ապօրինի կալանավորումների ու բանտարկությունների թեմաները տարբեր միջազգային խողովակներով դառնալու են քննության առարկա։
Փաշինյանն ու իր թիմը գնալով ավելի խորն են խրվում աշխարհաքաղաքական ու ներքաղաքական փակուղու մեջ. մի կողմից՝ Ռուսաստանի հետ օրեցօր սպառվող ու վատթարացող հարաբերություններ, մյուս կողմից՝ Եվրոպայում նրանց նկատմամբ աստիճանաբար աճող անվստահություն, և որ ամենակարևորն է՝ ներքին լեգիտիմության իսպառ բացակայություն՝ պետական լծակների ու բռնությունների միջոցով վերարտադրվելու պատճառով։ Գործող վարչախումբը փաստացի կորցրել է իշխանության լեգիտիմության բոլոր աղբյուրները՝ թե՛ ներքին (ժողովրդի աջակցություն), թե՛ արտաքին (աշխարհաքաղաքական հիմնական կենտրոններ): Սա վկայում է, որ առաջիկա քաղաքական գործընթացներում ծանրակշիռ ու լուրջ միավորները լիովին ընդունակ են վերցնելու օդից կախված այս իշխանությունն ու երկրում իրականացնելու արմատական փոփոխություններ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



