Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին
INTERNATIONAL NEWSԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հայտարարել են, որ Թաիզ նահանգում խոցել են սաուդական ուժերին պատկանող զինված հետախուզական անօդաչու թռչող սարք։ Մասնավորապես, խոսքը թուրքական արտադրության «Bayraktar Akinci» տիպի ԱԹՍ-ի մասին է։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Հութիների խոսնակ Յահյա Սարին հայտնել է, որ հութիները բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում տեղակայված Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ուժերի հավաքատեղիներին։
Հութիների առողջապահական աղբյուրները հայտնել են, որ Զամար նահանգի Հարան շրջանում գտնվող բենզալցակայանի վրա Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ, ևս երեքը՝ վիրավորվել։
Հութիների խոսնակը նաև հաստատել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանի դեմ իրականացված ռազմական գործողության մասին, որի հետևանքով խափանվել է օդանավակայանի գործունեությունը։
Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի օդային տարածքը դարձել է Եմենի ռազմական գործողությունների բաց թատերաբեմ՝ բացառությամբ Մեքքա և Մեդինա սրբազան քաղաքների օդային տարածքի։



