«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»
INTERVIEW«Փաստ» օրաթերթը գրում է.
«Խելացի, հավասարակշռված տղա էր Մայիսս։ Հինգ տարեկանից հաճախել է Դավիթ Համբարձումյանի անվան լողի և ջրացատկի դպրոց: Երեք տարի զբաղվել է ջրացատկով, գրավել առաջին հորիզոնականներ, արժանացել մրցանակների։ Ինը տարեկանից հաճախեց այկիդո մարտարվեստի, սև գոտի առաջին դան էր։ Նա իրավունք ուներ մարզիչ աշխատելու։ Իր դիպլոմը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ընդունելի էր: 14 տարեկանում Տյումենում մասնակցելով սեմինարի՝ Հայաստան է վերադարձել մեդալներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մայիսի մայրիկը՝ տիկին Լուսինեն։
Մայիսը ծնունդով Երևանից է։ Սովորել է Պարույր Սևակի անվան դպրոցում։ «Գերազանցությամբ՝ կարմիր վկայականով ավարտեց այն։ Բոլոր առարկաներն էլ հավասարապես սիրում էր։ Դպրոցի միակ սանն էր, որ մասնակցել է բոլոր առարկաների օլիմպիադաներին։ Մասնակցել է «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի՝ «Էրեբունի» առաջադեմ դպրոցականների բարձրագույն կրթության խրախուսական մրցույթին»։ Բազմազբաղ ու հետաքրքրություններով լի է եղել Մայիսի առօրյան։ Դպրոցում սովորելուն զուգընթաց հաճախել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, իսկ 14 տարեկանում մասնակցել է «Ամենախելացին» հեռուստախաղի առաջին եթերաշրջանին։
Դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո Մայիսն անվճար հիմունքներով ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի քոլեջը։ Երեք տարի սովորելուց և այն ավարտելուց հետո ընդունվել է արդեն Ագրարային համալսարանի Մենեջմենթ բաժինը՝ երկրորդ կուրս։ Մայիսը չի հասցրել անգամ մեկ լիարժեք կիսամյակ ուսանող լինել։ 2019 թվականի դեկտեմբերի 25-ին զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Ջրականում։ «Շատ լավ վերաբերմունք ուներ ծառայության հանդեպ։ Բարձր տրամադրությամբ մեկնեց ծառայության։ Օրինակելի, առաջադեմ ծառայող է եղել։ Բազմաթիվ խրախուսական պարգևների է արժանացել»։
Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Պատերազմը սկսվել էր, իրենք դիրքերում էին եղել ու այնտեղ մնացել մինչև հոկտեմբերի 21-ը։ Եղել են Ջրականում, Հադրութում, իսկ վերջին մարտերը եղել են Վարանդայում (Ֆիզուլի)»։ Պատերազմի օրերին Մայիսը կապ է պահպանել ընտանիքի հետ։ Իսկ վերջին զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 17ին։ «Դրանից հետո մենք իրենից լուր չենք ունեցել։ Գիտենք, որ բազմիցս հայտնվել են շրջափակման մեջ, բայց կարողացել են դուրս գալ։ Մայիսը նռնակաձիգ էր։ Ոչնչացրել է մեծ թվով տանկեր, դիվերսիոն խմբեր, ղեկավարելով ընկերներին՝ հինգ-վեց հոգով պահել են դիրքը, չորս-հինգ օր չեն նահանջել։ Մեր հայկական դիրքը հետ են վերցրել՝ առանց զոհերի։ Վիրավոր հրամանատարին դուրս է բերել կրակների միջից։ Հերոսական ուղի են անցել տղաները»։
Հոկտեմբերի 21-ին Մայիսն անմահացել է Վարանդայում։ «2021 թվականի փետրվարի 4-ին ենք իմացել նրա զոհվելու բոթը։ Հունվարի 2-ին վերսկսվեցին որոնողական աշխատանքները, այդ ժամանակ նոր միայն տղաների մարմիններն այդ հատվածից դուրս են բերել։ Իրեն փնտրելու ժամանակ մենք հստակ տեղեկություն չունեինք, որ նա զոհվել է։ Ամբողջ ընթացքում պաշտպանության նախարարության հետ կապ ենք պահպանել, փոխանցել ենք մեր տղայի տվյալները, բայց մինչ իր գտնվելը որևէ տեղեկություն իր մասին չենք ունեցել։ Իրեն նաև «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պետք է պարգևատրեին, բայց այն այդպես էլ մեզ չհասավ։ Մեկ անգամ նամակով դիմեցի ՊՆին, բայց ինձ պատասխանեցին՝ ո՞վ է ասել, որ նման մեդալ էին իրեն հանձնելու։ Նա այնքան խրախուսանքներ է ունեցել, բայց որևէ բան մեզ չհասավ։ Այդ հարցով պետական մարմինները պետք է զբաղվեին, հետաքրքրվեին ամեն խնդրով, բայց...»։
Ապրելու ուժի մասին։ «Մայիսս զույգ քույրիկներ ունի։ Նա երեք տարի փոքր էր քույրերից։ Այնքան են սիրում եղբորը, նկարագրելու էլ չէ։ Իսկ հիմա... պետք է ուժեղ լինենք, որ տղայիս անունը բարձր պահենք, իրեն ապրեցնենք»։
Հ. Գ. - Մայիս Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Նուբարաշենի ընտանեկան գերեզմանատանը։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



