Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել են, որպես պատճառ նշվել է դատարանի ծանրաբեռնվածությունը: Սրան դեռ առանձին կանդրադառնանք:
Ինչ վերաբերում է բուն իրողությանը, ապա հազիվ թե կա որևէ մեկը, ով կասկած ունի, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է (վերջին 8 տարվա մեջ՝ 4-րդ անգամ) բացառապես իր քաղաքական հայացքների և գործունեության, նաև՝ աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով: Իսկ նրա ավագ որդին, որ ընդհանրապես քաղաքականությամբ չի զբաղվում, փաշինյանական ռեպրեսիվ մարմինների կողմից պատանդառվել է միայն նրա համար, որ Քոչարյանի որդին է:
Ամեն պարագայում, ի՞նչ են ասում փաշինյանական իշխանության Հակակոռուպցիոն կոմիտեն ու դատախազությունը նախագահ Քոչարյանի նկատմամբ անպայման կալանք կիրառելու իրենց կամայական մոտեցումը հիմնավորելու համար: Նրանք ասում են, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է խուսափել քննությունից, ուստի անհրաժեշտ է նրան պահել կալանքի տակ: Կամ թե՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը: Դե, հազիվ թե իրենք էլ իրենց ասածին հավատան, բայց, ինչպես ասում են, այդպես է պետք: Լավ, հավատալ-չհավատալը՝ մի կողմ, բայց չոր փաստերը այսպիսինն են. արդեն նշեցինք, որ սա Ռոբերտ Քոչարյանի չորրորդ կալանավորումն է, և նախորդ կալանքներից ազատ արձակվելուց հետո Ռոբերտ Քոչարյանը մշտապես դրսևորել է պատշաճ դատավարական վարքագիծ, ներկայացել է դատական նիստերին, որևէ կերպ որևէ բանից չի խուսափել, չի թաքնվել: Ավելին, երկրորդ նախագահը դեռ 2018-ին Հայաստան վերադարձավ, չնայած հստակ զգուշացված էր, որ փաշինյանական ռեժիմն ուզում է իրեն կալանավորել: Հաջորդը՝ երկրորդ նախագահը, որպես պետական պահպանության ենթակա անձ, շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով գտնվում է ՊՊԾ աշխատակիցների հսկողության ներքո: Չնայած, այսպես թե այնպես, գործնականում առանց այդ էլ հսկողության տակ է: Մի խոսքով, հակակոռուպցիոնի ու դատախազության «փաստարկները» ոչ մի քննադատության չեն դիմանում:
Եվ հետո, ինչի՞ն խոչընդոտի Քոչարյանը, եթե նրան ներկայացված ամբողջ մեղադրանքն այն է, որ նա... կատարել է նախագահի՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունները, կոնկրետ՝ ստորագրել է կառավարության որոշումները: Ինչպե՞ս է խոչընդոտելու, էլի: 20 կամ 25 տարի առաջ ստորագրված որոշումները չեղարկելո՞ւ է:
Պաշտպանական կողմն էլ նշում է, որ կիրառված կալանքը զուրկ է քրեադատավարական հիմքերից և անհամաչափ է, քանի որ իսպառ բացակայում են փախուստի դիմելու կամ քննությանը խոչընդոտելու ռիսկերը: Պաշտպանական կողմը պնդում է, որ գործով անցնող հիմնական մեղադրանքների մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն արդեն լրացել են։
Բացի այդ, մեղսագրվող արարքները ոչ թե քրեորեն պատժելի հանցագործություններ են, այլ եղել են Քոչարյանի՝ որպես պետության ղեկավարի՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնական լիազորությունների և գործառույթների իրականացումը:
Մի խոսքով, այս բոլոր իրավական, իրավաբանական դիտարկումներն ու դիտողությունները լրացուցիչ անգամ հաստատում են. Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է բացառապես ու միմիայն քաղաքական պատճառներով, նրա դեմ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, իսկ նրա որդին էլ ուղղակիորեն քաղաքական պատանդ է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



