Տղամարդը սպանել է իր սիրեցյալին և նրա մնացորդները թաքցրել սառնարանում
SOCIETYԱրգենտինայում 37-ամյա Պաբլո Էզեկիել Գոմեսին մեղադրանք է առաջադրվել իր 24-ամյա ընկերուհու՝ Կամիլա Բելեն Իգլեսիասի սպանության համար։ Ինչպես հայտնում է Need To Know-ը, կնոջ մարմնի մնացորդները հայտնաբերվել են այն սառնարանում, որտեղ դրանք, ենթադրաբար, թաքցրել էր տղամարդը։
Կամիլան անհետացել էր հոկտեմբերի 2-ին։ Մի քանի օր անց, երբ ընտանիքի անդամներին չէր հաջողվում կապ հաստատել նրա հետ, նրանք դիմել են ոստիկանություն։ Իրավապահները խուզարկություն են իրականացրել այն տանը, որտեղ նա բնակվել է Գոմեսի հետ։ Խուզարկության ընթացքում սառնարանում հայտնաբերվել են կնոջ մարմնի մնացորդները։ Ըստ հրապարակման՝ դրանք ծածկված են եղել հիդրատացված կրով, որն օգտագործվում է հոտը նվազեցնելու համար։
Գոմեսը դարձել է գործի գլխավոր կասկածյալը։ Զոհի քույրը պատմել է, որ մնացորդների հայտնաբերումից կարճ ժամանակ առաջ տղամարդը հաղորդագրություն է ուղարկել իրեն՝ պնդելով, թե հոկտեմբերի 5-ին վիճաբանել է Կամիլայի հետ, ապա հեռացել, և դրանից հետո այլևս կապ չի հաստատել նրա հետ։ Մինչդեռ Գոմեսի հարազատները պնդում են, որ նա փախուստի է դիմել։
Կասկածյալը ձերբակալվել է հոկտեմբերի 19-ին՝ առանց դիմադրություն ցույց տալու։ Կամիլայի ընտանիքի անդամների խոսքով՝ տղամարդը խիստ խանդոտ էր և վերահսկում էր ընկերուհու կյանքը։ Զոհի քույրը նշել է, որ նա չէր ցանկանում, որ որևէ մեկը հյուր գար իրենց տուն, և նույնիսկ դեմ էր, որ Կամիլան տեսներ իր երեխաներին։
Զույգը միասին է եղել մոտ մեկ տարի։ Կամիլան նախորդ հարաբերություններից երկու երեխա ուներ։
Դեպքի քննության և դատական գործընթացի զարգացումներին կհետևի նաև Past.am-ը։



