Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
SOCIETYՀոկտեմբերի 24-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ հատվածում՝ Արենի բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Kia» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել ընթացքի ուղղությունից և բախվել բետոնե էլեկտրասյանն ու կայանված «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով երկու մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին օգնության են հասել քաղաքացիներն ու ՆԳՆ փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Վերջիններս հատուկ տեխնիկայի օգնությամբ տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենաներին։
Դեպքի վայրում աշխատել են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկներն ու Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության քննիչները։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունները, ինչպես նաև վթարի հանգամանքները։



