ՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետո
INTERNATIONAL NEWSՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է անօդաչուի գրոհին, որից հետո օբյեկտում հրդեհ է սկսվել, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Բոլոր աշխատակիցներին օպերատիվ կերպով տարհանել են։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, հայտնել են ընկերությունից։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Գրոհի մասին հայտնել է նաև Օմսկի մարզի նահանգապետ Վիտալի Խոցենկոն՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ օբյեկտն է հարվածի ենթարկվել։
Դեպքի պատճառով Ozon-ը ժամանակավորապես կփոխի պատվերների և մատակարարումների մշակումը։ Վնասված լոգիստիկ կենտրոնում գտնված ապրանքները կհեռացվեն մարքեթփլեյսի ցուցափեղկից։ Եթե նմանատիպ ապրանքներ այլ պահեստներում չլինեն, դրանք կստանան «Առկա չէ» կարգավիճակ։ Պատվերների մի մասը կչեղարկվի, մնացածը կփորձեն առաքել այլ օբյեկտներից։
Ընկերությունը նաև ժամանակավորապես դադարեցրել է այս պահեստում FBO մոդելով մատակարարումների ընդունումը, որի դեպքում ապրանքները պահվում են մարքեթփլեյսի պահեստներում։ Նման մատակարարումների հայտերը կչեղարկվեն, արդեն ճանապարհին գտնվող բեռները կուղղորդվեն այլ լոգիստիկ կենտրոններ։
FBS մոդելով առաքումների ընդունումը, երբ վաճառողը ապրանքները պահում է ինքնուրույն և դրանք հանձնում է մարքեթփլեյսին առաքման համար, նույնպես ժամանակավորապես կասեցվել է։ Վաճառողներին կտեղափոխեն բեռնման այլ կետեր, որոնք նշված են անձնական հաշիվներում։ Ozon-ը խոստացել է ճշգրտել վաճառողների վարկանիշը և առաջարկվող ժամանակային սլոտների հետ կապված հաշվարկումները։
Հետևեք մեզ՝ այստեղ



