24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացել
SOCIETYԲրազիլիայում 24-ամյա ուսուցչուհին մահացել է՝ փորձելով օգնության հասնել դպրոցի զուգարանում փակված աշակերտուհուն։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Սան Պաուլոյի նահանգի Գուարուլյոս քաղաքում։ Աշակերտուհին գնացել է զուգարան, սակայն դռան կողպեքը խցանվել է, և նա չի կարողացել դուրս գալ։
24-ամյա ուսուցչուհի Նայարա Կարմոն փորձել է երեխային բանալի փոխանցել, սակայն չի հաջողվել։ Դրանից հետո նա բարձրացել է զուգարանի վերևում գտնվող տեխնիկական հատված՝ փորձելով այնտեղից բանալին փոխանցել աշակերտուհուն։
Երբ ուսուցչուհին շարժվել է տեխնիկական հատվածով, առաստաղի սալիկներից մեկը կոտրվել է նրա ոտքերի տակ։ Կարմոն բարձրությունից ընկել է առաջին հարկ՝ աստիճանների մոտ և ծանր վնասվածքներ ստացել։
Գործընկերներն անմիջապես օգնության են հասել և շտապօգնություն կանչել, սակայն ժամանած բուժաշխատողներն այլևս չեն կարողացել փրկել երիտասարդ ուսուցչուհու կյանքը։
Ըստ աղբյուրի՝ կոտրված սալիկները դեկորատիվ էին և նախատեսված չէին մարդու քաշը պահելու համար։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու՝ դպրոցում պահպանվե՞լ են արդյոք անվտանգության անհրաժեշտ կանոնները։ Մասնավորապես, քննության առարկա է դարձել այն հանգամանքը, որ տեխնիկական հատվածում փխրուն առաստաղի մասին նախազգուշացնող ցուցանակներ չեն եղել։
Past.am-ը կհետևի ողբերգական դեպքի քննության հետագա ընթացքին։



