Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոց
LIFEԿանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող է նպաստել օրգանիզմում վիտամին D-ի մակարդակի պահպանմանը նույնիսկ առանց հավելումների ընդունման։ Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները, որոնց գիտական ակնարկը հրապարակվել է Frontiers in Endocrinology ամսագրում։
Հետազոտողները վերլուծել են մի շարք ուսումնասիրություններ՝ պարզելու, թե ֆիզիկական ակտիվությունն ինչպես կարող է ազդել վիտամին D-ի նյութափոխանակության վրա։
Արդյունքները ցույց են տվել, որ նույնիսկ մեկ մարզումից հետո արյան մեջ վիտամին D-ի որոշ ցուցանիշներ և դրա ակտիվ ձևի մակարդակը կարող են ժամանակավորապես բարձրանալ։ Փոփոխությունները նկատվել են մարզումից հետո մի քանի ժամվա ընթացքում։
Ավելի հետաքրքիր արդյունքներ են արձանագրվել կանոնավոր մարզումների դեպքում։ Ուսումնասիրությունների համաձայն՝ ֆիզիկական ակտիվությունը կարող է դանդաղեցնել ձմռան ամիսներին վիտամին D-ի մակարդակի բնական սեզոնային անկումը, ընդ որում՝ այդ ազդեցությունը նկատվել է նույնիսկ այն մարդկանց մոտ, որոնք չեն նիհարել։
Կանոնավոր մարզվողների մոտ որոշ ուսումնասիրություններում չի նկատվել նաև վիտամին D-ի կենսաբանորեն ակտիվ ձևի սովորական սեզոնային նվազումը։
Գիտնականների գնահատմամբ՝ սա վկայում է, որ ֆիզիկական ակտիվությունը կարող է ազդել վիտամին D-ի նյութափոխանակության վրա ոչ միայն մարզումից անմիջապես հետո, այլև ավելի երկարաժամկետ կտրվածքով։
Միաժամանակ Past.am-ը կարևորում է հետազոտության հեղինակների զգուշացումը․ մարզանքը չպետք է դիտարկել որպես բժշկի նշանակած վիտամին D-ի հավելումների լիարժեք փոխարինում։ Վիտամին D-ի անբավարարության կամ պակասի դեպքում հավելումների անհրաժեշտությունն ու չափաբաժինը ցանկալի է որոշել բժշկի հետ՝ համապատասխան հետազոտությունների հիման վրա։



