Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի
SOCIETYՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել զբաղվածության ծրագրերում՝ նպատակ ունենալով դրանք դարձնել առավել արդյունավետ ու հասցեական։ Մասնավորապես, նախատեսվում է մեկ փաթեթում միավորել արդեն իրականացվող 3 ծրագրերը՝ ուղղված Ղարաբաղից տեղահանված, ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև զինվորական ծառայությունից զորացրված, անապահովության համակարգում ընդգրկված անձանց։ Այդ ծրագրերի հիմքում կրթական ու աշխատանքի տեղավորման բաղադրիչներն են։ Այժմ այդ երեք ծրագրերը միավորում են և ներկայանում են մեկ փաթեթով ու ավելի լավարկված։
«Մեր քաղաքացիների համար խրթին էր ուսումնասիրել բոլոր ծրագրերը, հասկանալ որի շահառու իրենք կարող են լինել, որի համար ինչպես դիմել, ինչ փաստաթղթավորում ապահովել և այլն։ Որոշում կայացվեց ծրագրերին դիմելու գործընթացը հեշտացնելու, խթանելու համար դրանք միավորել և ավելի մեծ դեր տալ կրթական բաղադրիչին։ Դրանից բացի, թվայնացման աշխատանքներ են կատարվել, և այսուհետ մեր բոլոր զբաղվածության ծրագրերը բացառապես e-work.am հարթակի միջոցով են արվելու, այսինքն դիմելիությունը, փաստաթղթավորումը և մյուս գործընթացները լինելու են թվայնացված»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը։
Այս նոր միասնական ծրագիրը նախատեսում է աջակցություն 3 ուղղությամբ։ Նախ` նախատեսվում է շահառուին տրամադրել մինչև 250 հազար դրամի չափով կրթական էլեկտրոնային վաուչեր։ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը նշեց, որ շահառուն կարող է այդ գումարի միջոցով վերապատրաստվել, կրթություն ստանալ միայն ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացվող կենտրոններում։ Վաուչերը ստանալուց հետո շահառուն դա պետք է իրացնի 6 ամսվա ընթացքում։
«Կրթական ծրագրերն ավարտած, ավարտական վկայական ունեցած անձինք արդեն աջակցություն կստանան աշխատանքի տեղավորման հարցում։ Այստեղ արդեն ծրագրով նախատեսված մյուս փուլն է, ըստ որի տվյալ անձանց աշխատանքի վերցրած գործատուները կստանան շահառուի եկամտահարկի փոխհատուցում։ Առաջին 3 ամիսներին նախատեսված է տվյալ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի փոխհատուցում մինչև 25 հազար դրամի չափով։ Դրան հաջորդող ամիսներին աշխատանքային հարաբերությունները շարունակվելու դեպքում փոխհատուցումը կլինի մինչև 50 հազար դրամի չափով»,- ասել է Ռուզաննա Պեպանյանը։



