Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի գիտության ու կրթության նախարարությունը երկրի ներքին գործերին միջամտելու փորձ է անվանել Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆի հայտարարությունը, որը վերաբերում է հանրապետությունում կրթության խնդիրներին ու ադրբեջանական դպրոցներում միասնական դպրոցական համազգեստի ներդրմանը:
Նախարարությունն Իրանի պաշտոնյաներին խորհուրդ է տվել զբաղվել սեփական երկրի խնդիրներով։ Մասնավորապես, գերատեսչությունում պնդել են, թե Իրանի վարած քաղաքականության արդյունքում երկրում չկա որևէ դպրոց, որտեղ դասավանդումն իրականացվի ադրբեջաներենով: Ըստ ադրբեջանցի պաշտոնյաների՝ այդ լեզվով ուսուցումը չի իրականացվում նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում:
«Մինչդեռ Իրանի շուրջ 40 մլն բնակիչ բնիկ էթնիկ ադրբեջանցիներ են, որոնք տասնամյակներ շարունակ զրկված են մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից», - նշվում է հայտարարության մեջ:
Ըստ ԶԼՄ-ների՝ Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայ Սարաֆը դեմ է արտահայտվել Ադրբեջանում միասնական դպրոցական համազգեստի ներդրմանը և առաջարկել է կրթության իրավունքից զրկված աղջիկների համար ստեղծել «անվճար կրթական միջավայր»։ Իրանցի նախարարը հայտարարել է, որ իր երկրի համալսարանները պատրաստ են ընդունել ադրբեջանցի աղջիկներին՝ ընդգծելով, որ «համազգեստը չպետք է խոչընդոտի կրթություն ստանալուն»:
Սեպտեմբերին Ադրբեջանի կառավարությունը հստակեցրել էր դպրոցական համազգեստի, իսկ հոկտեմբերին՝ ուսուցիչների հագուստի պահանջները։ Կանոնները նախատեսում են գործարար ոճ և բացառում են հագուստի տարրերը, որոնք հակասում են երկրում կրթության աշխարհիկ բնույթին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը կոչ էր արել ադրբեջանցի աղջիկներին և կանանց, որոնք հիջաբ կրելու պատճառով բախվում են սահմանափակումների, շարունակել կրթությունը իրանական բուհերում։



