68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսին
SOCIETYՉինաստանում 68-ամյա Սյուան Ֆենյինը գրեթե 17 տարի խնամել է վեգետատիվ վիճակում գտնվող հարսին՝ Սյուին։ Տարիների համբերատար խնամքից հետո կինը գիտակցության է եկել։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Ամեն ինչ սկսվել է 2009 թվականին՝ Չինաստանի Ցինյուն շրջանի գյուղերից մեկում։ Հարսանիքից ընդամենը մեկ ամիս անց Սյուն բեռնատարի վրաերթի է ենթարկվել և հայտնվել կոմայի մեջ։ Այդ օրվանից նրա խնամքն ամբողջությամբ ստանձնել է սկեսուրը՝ Սյուան Ֆենյինը։
Տարիներ շարունակ կինը հարսին գդալով հեղուկ սնունդ է տվել․ յուրաքանչյուր կերակրումը տևել է մոտ մեկ ժամ։ Պառկելախոցերը կանխելու համար նա օրական շուրջ տասը անգամ փոխել է նրա դիրքը, լվացել, մերսել մկաններն ու հետևել հիգիենային։ Սյուանը նաև շարունակել է խոսել նրա հետ, պատմել ընտանիքի և գյուղի անցուդարձի մասին, միացրել սիրելի երգերը և հաճախ կրկնել նրա անունը։
«Նա ամուսնացել է իմ որդու հետ, ինչը նշանակում է, որ նա իմ երեխան է։ Ինչպե՞ս կարող էի նրան լքել»,- ասել է կինը։
Խնամքը հեշտ չի եղել նաև Սյուանի առողջական խնդիրների պատճառով․ նա տարիներ շարունակ տառապել է ոտքերի ցավերից և բարձր զարկերակային ճնշումից։ Երբեմն հարսին խնամելու համար ստիպված է եղել օգնություն խնդրել հարևաններից։
Գրեթե 17 տարի անց Սյուն գիտակցության է եկել։ Սակայն գլխուղեղի ծանր վնասվածքի հետևանքով նրա ճանաչողական կարողությունները համարժեք են մոտ չորս տարեկան երեխայի կարողություններին։ Սյուանը շարունակել է օգնել նրան՝ սովորեցնելով քայլել, հասկանալ առօրյա պարզ երևույթներն ու աստիճանաբար ավելի ինքնուրույն դառնալ։
Այսօր Սյուն արդեն կարողանում է մի քանի բառ ասել։ Նրա կարևոր ձեռքբերումներից է նաև պարզ ուտեստներ պատրաստել սովորելը։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից մեկում նա դիմում է սկեսրոջը՝ ասելով. «Մայրիկ, լավ»։
«Ես ուրիշ ցանկություն չունեմ, բացի նրա ապաքինումից։ Ինձ մի փոքր ավելի լավ զգացի, երբ նա սովորեց ուտելիք պատրաստել։ Իմ գնալուց հետո նա գոնե կկարողանա սնունդ ունենալ»,- ասել է Սյուանը։
Այս պատմությունը տարածվել է համացանցում՝ հուզելով հազարավոր մարդկանց։ Past.am-ը ներկայացնում է այն որպես տարիների նվիրվածության և մարդկային հոգատարության ուշագրավ օրինակ։



