«Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզում
SOCIETYՀոկտեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ 46-ամյա տղամարդը ոստիկանություն է ահազանգել՝ հայտնելով, որ իր հղի կինը Գորիսի բժշկական կենտրոնում կորցրել է երեխային, և կասկածներ է հայտնել բժիշկների գործողությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ տղամարդը հայտնել է, որ նույն օրը առավոտյան կնոջ՝ 30-ամյա Քնքուշ Վ.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով շտապօգնություն են կանչել։ Բժիշկները նրան տեղափոխել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ էլ կինը կորցրել է երեխային։
Ոստիկանների հետ զրույցում տղամարդն ասել է, որ իրեն հայտնի չէ պտղի մահվան պատճառը և փորձում է պարզել՝ արդյոք հիվանդանոցի բժիշկներն իրեն ճիշտ տեղեկություն են փոխանցել։ Նա նաև պատմել է, որ հեռախոսազրույցի ընթացքում հիվանդանոցի աշխատակցի հետ ֆոնին լսել է արտահայտություններ, որոնցում բժիշկներին մեղադրել են երեխայի մահվան համար։
Նույն օրը տղամարդը կրկին զանգահարել է ոստիկանություն՝ հայտարարելով, թե հիվանդանոցում սպանել են երեխային, և սպառնացել է հաշվեհարդար տեսնել բուժաշխատողների հետ։
Գորիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են տղամարդուն և հրավիրել բաժին։ Նա հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց՝ նշելով, որ բժիշկների նկատմամբ բողոք կամ պահանջ չունի։ Տղամարդը հայտնել է նաև, որ ոչ սթափ վիճակում է։ Սթափության փորձաքննությամբ այդ հանգամանքը հաստատվել է։
Ոստիկանները լսել են նաև «Գորիս» բժշկական կենտրոնի 45-ամյա բժիշկ-մանկաբարձ Տաթևիկ Շ.-ին։ Նրա փոխանցմամբ՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, հիվանդանոց է տեղափոխվել Քնքուշ Վ.-ն՝ հղիության 23-24 շաբաթական ժամկետով։ Կինը ծննդաբերել է արական սեռի մահացած պտուղ՝ մոտ 600 գրամ քաշով։
Դեպքի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Past.am-ը կհետևի հետագա զարգացումներին։



