Ուկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին
INTERNATIONAL NEWSԱմերիկյան «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված 500 հատ «PAC-3 MSE» հրթիռների մատակարարումն Ուկրաինա (գործարք, որը հաստատվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից) տեղի չի ունենա մինչև 2030 թվականը. այս մասին հայտնել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ինչպես նշել է լրագրողը, սա չի լուծում որսացող հրթիռների այն սուր պակասի խնդիրը, որն Ուկրաինային խիստ անհրաժեշտ է սպասվող ձմռան նախաշեմին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Ուկրաինային «Patriot» համակարգերի հրթիռների վաճառքը թույլատրելու որոշումը որակել է որպես «ուժեղ» քայլ, թեև ընդունել է, որ մատակարարումները կարող են չիրականանալ այնքան արագ, որքան Ուկրաինան ակնկալում է։
Բացի այդ, ԱՄՆ սենատոր Ռիչարդ Բլումենթալը հայտնել է իր հիասթափությունը՝ նշելով, որ, ըստ հայտարարության, հրթիռները Ուկրաինա կհասնեն միայն մի քանի տարի անց․ «Ռուսական ռմբակոծությունների պատճառով դաժան ձմռան և անտանելի զրկանքների առջև կանգնած Ուկրաինան հակաօդային պաշտպանության միջոցների հրատապ կարիք ունի։ ԱՄՆ-ի կողմից անհապաղ օգնություն տրամադրելու հանձնառությունը կարող էր փրկել բազմաթիվ կյանքեր»։



