ԱՄՆ-ի հարավային նահանգներում մոլեգնած տոռնադոները մարդկային կյանքեր են խլել
INTERNATIONAL NEWSԱռնվազն երեք մարդ է զոհվել ԱՄՆ-ի հարավի Լուիզիանայի եւ Միսիսիպիի նահանգներում մոլեգնած տոռնադոների հետեւանքով: Այդ մասին, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով տեղական իշխանությունների հայտարարությանը:
Ինչպես նշել է հեռուստաալիքը, Լուիզիանայում տոռնադոն անցել է Կոնվենտ քաղաքի ավտոֆուրգոնների համար նախատեսված կայանատեղիով, ինչի հետեւանքով զոհվել է երկու մարդ, շուրջ 30 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանցից յոթը ծանր վիճակում են: Ավտոֆուրգոններից շատերը շրջվել են: Տեղում աշխատում են որոնողա-փրկարարական խմբերը:
Ինչպես հաղորդել է Associated Press գործակալությունը, եվս մեկ մարդ փետրվարի 23-ին զոհվել է Միսիսիպիի նահանգում՝ Փերվիս քաղաքից արեւմուտք ընկած շրջանում: Արտակարգ իրավիճակների գործակալության տվյալներով՝ զոհվածը գտնվում էր ավտոֆուրգոնում:
Լուիզիանայի, Միսիսիպիի, Ալաբամայի եւ Ջորջիայի նահանգների իշխանությունները փետրվարի 23-ին չեղյալ են հայտարարել պարապմունքները դպրոցներում: Դրանցից մի քանիսը փակ կմնան փետրվարի 24-ին: Միսիսիպիի նահանգի նահանգապետ Ֆիլ Բրայանտը նաեւ արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել բոլոր այն շրջաններում, որոնք կարող են ենթարկվել տարերքի ազդեցությանը: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով օդերեւութաբաններին, ուժգին փոթորիկներն ու տոռնադոները կարող են առնվազն 20 մլն մարդու վնասել ԱՄՆ-ի հարավ-արեւելքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



