Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել
SOCIETYTeam Telecom Armenia-ն, որը ստանձնել էր COP17-ի տեխնոլոգիական գործընկերոջ կարգավիճակը՝ ապահովելով միջազգային լայնամասշտաբ միջոցառման անխափան կապն ու տեխնոլոգիական հիմքը, համաժողովին իր մասնակցությունն ամփոփել է պանելային քննարկման կազմակերպմամբ:
«Արդյունավետ գործընկերություն հանուն բնության․ պետություն-մասնավոր համագործակցության հեռանկարները Հայաստանում» խորագրով պանելային քննարկումը անցկացվել է COP17-ի Կանաչ գոտում: Պանելային քննարկման բանախոսներն են եղել Team Telecom Armenia-ի բնապահպանության հարցերով փորձագետ Արևիկ Մկրտչյանը, Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Արմեն Եսոյանը, «Սևան» ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանը, «Ինստրուկտարիում» ՍՊԸ-ի ԻՍՕ կառավարման համակարգերի սերտիֆիկացման ղեկավար Ծովինար Բիլյանը: Պանելային քննարկումը մոդերացրել է Team Group-ի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Ռեբեկա Հակոբյանը:
Բանախոսներն անդրադարձել են մասնավոր հատվածի բնապահպանական պատասխանատվությանը, միջազգային ստանդարտների ներդրմանն ու բնապահպանական խնդիրների լուծման գործում պետություն-մասնավոր համագործակցության հնարավորություններին։
«Team-ում կարևորում ենք ոչ միայն կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը, այլև այդ ճանապարհին համագործակցության և փորձի փոխանակման մշակույթի ձևավորումը։ Ուրախ էինք համաշխարհային բնապահպանական օրակարգի ամենախոշոր՝ COP17 համաժողովի շրջանակում ևս մեկ հարթակ նախաձեռնելու, որտեղ կարողացանք ոչ միայն քննարկել բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված գործնական քայլերն ու կիսվել փորձով, այլև նախանշել հետագա համագործակցությունների համար որոշակի պայմանավորվածություններ»,-նշում է Team Telecom Armenia-ի բնապահպանության հարցերով փորձագետ Արևիկ Մկրտչյանը:
Team-ը կարևորում է, որ կայուն զարգացման գաղափարն արտահայտվի բիզնեսի ամենօրյա գործունեության և որոշումների մեջ։ Ընկերությունը տարեցտարի ավելացնում է վերականգնվող էներգիայի օգտագործումն ու սեփական արևային էներգիայի արտադրությունը, քայլեր է իրականացնում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ուղղությամբ, ընդլայնում է էլեկտրական ավտոպարկը, կիրառում է թղթի խնայողության և թվայնացման լուծումներ, ինչպես նաև զարգացնում է Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը Հայաստանի ողջ տարածքում։
Ընկերության ՋԳ արտանետումների թիրախները վավերացվել են Science Based Targets initiative (SBTi)-ի կողմից, իսկ Team-ը Հայաստանի առաջին տելեկոմ ընկերությունն է, որը թողարկել է կայուն զարգացման պարտատոմսեր՝ ստանձնելով իր գործունեության բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու կոնկրետ պարտավորություններ։
Team Telecom Armenia-ն նաև հաջողությամբ անցել է ISO 14001:2015 բնապահպանական կառավարման համակարգի աուդիտը և արժանացել համապատասխան հավաստագրի՝ ամրապնդելով ընկերության՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված համակարգային մոտեցումը:



