Դեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները
INTERNATIONAL NEWSԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Հանրապետական կուսակցությունը, որի անդամ է գործող նախագահ Դոնալդ Թրամփը, երկու պալատներում էլ զիջում է դեմոկրատներին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ դեմոկրատները հաղթել են այնպիսի նահանգներում, որտեղ ավանդաբար նախապատվություն են տալիս հանրապետականներին, այդ թվում՝ Հարավային Կարոլինայում, Տեխասում և Այովայում։
Ըստ ամերիկյան տարբեր լրատվամիջոցների հաշվարկների՝ Ներկայացուցիչների պալատում, որը ներկայում հանրապետականների վերահսկողության տակ է, դեմոկրատները հանրապետականներից վերցրել են 8 տեղ՝ հաղթանակ տանելով, այդ թվում, Կենտուկիում, Նյու Ջերսիում և Հարավային Կարոլինայում։
Հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատում ևս, ըստ նախնական արդյունքների, ավելի վաղ հանրապետականների զբաղեցրած առնվազն 6 տեղ անցել է դեմոկրատներին՝ անհրաժեշտ 4 տեղից։
Reuters-ը նշում է, որ դեմոկրատների հաղթանակն ընդգծում է ընտրողների խոր դժգոհությունը Թրամփի կողմից տնտեսության կառավարման և փետրվարին Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշման առնչությամբ, որի հետևանքով բենզինի գները կտրուկ աճեցին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Կոնգրեսի ընտրությունները կարտացոլեն ամերիկացիների ընդհանուր տրամադրություններն ու վերաբերմունքը գործող նախագահ Թրամփի գործունեության նկատմամբ։
Նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքներով ընտրվում են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 օրենսդիրները և Սենատի 100 անդամներից 35-ը։ Բացի այդ, շուրջ 40 նահանգում կընտրվեն նահանգապետներ։



