Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters
INTERNATIONAL NEWSԻրանն ու Միացյալ Նահանգները դեռևս հեռու են պատերազմին վերջ դնող համաձայնագրից. Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ում ընտրություններից հետո ամերիկյան կողմը կարող է վերսկսել մարտական գործողությունները։
«Միջնորդները մեծ ջանքեր են գործադրում Թեհրանի և Վաշինգտոնի միջև եղած անջրպետը նեղացնելու համար», – նշել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
«Թեհրանի պայմանները պետք է կատարվեն, եթե ԱՄՆ-ն ցանկանում է Հորմուզի նեղուցի վերաբացումը», – զգուշացրել է իրանցի պաշտոնյան՝ անդրադառնալով Իրանի պահանջներին, այդ թվում՝ նավթային պատժամիջոցների չեղարկմանը, ԱՄՆ ռազմածովային շրջափակման վերացմանը և իրանական սառեցված միջոցների ապասառեցմանը։
Քաթարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ ալ-Անսարին հայտարարել է, որ և՛ Միացյալ Նահանգները, և՛ Իրանն ուսումնասիրում են միջնորդների ներկայացրած առաջարկները։ Թեև Թեհրան մեկնած քաթարական պատվիրակությունը վերադարձել է Դոհա, բանակցությունները շարունակվում են։
Քաթարը հույս ունի, որ դեռ հնարավոր է համաձայնության գալ, ինչը ճանապարհ կհարթի հետագա բանակցությունների համար։
Բանակցություններին քաջատեղյակ պաշտոնյան հայտնել է, որ Վաշինգտոնից և Թեհրանից արձագանք է ակնկալվում առաջիկա 36 ժամվա ընթացքում։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ավելի ուշ Reuters գործակալությանը հայտնել է, որ միջնորդների միջոցով Վաշինգտոնի հետ հաղորդագրությունների փոխանակման կամ պատասխանների ուսումնասիրման համար որևէ վերջնաժամկետ սահմանված չէ։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Թեհրանը չի ընդունի Վաշինգտոնի «չափազանցված պահանջները», և որ միջուկային բանակցությունները կարող են սկսվել միայն Իրանի պայմանների կատարումից հետո։
Պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ-ի հարվածների դեպքում Թեհրանը կոշտ պատասխան կտա՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ դրա սահմաններից դուրս։



