ԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բանակցություններ է վարում Վենեսուելայի հետ այնպիսի համաձայնագրի կնքման շուրջ, որը հիմք կստեղծի այդ երկրում ԱՄՆ-ի հնարավոր երկարաժամկետ ռազմական ներկայության համար։ Այս մասին նոյեմբերի 3-ին հայտնել է The New York Times (NYT) պարբերականը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
«Պետքարտուղարությունը՝ պարոն [պետքարտուղար Մարկո] Ռուբիոյի գլխավորությամբ, բանակցություններ է վարում ռազմական համաձայնագրի՝ այսպես կոչված «Զինված ուժերի կարգավիճակի մասին» պայմանագրի (Status of Forces Agreement, SOFA) շուրջ»,– ասվում է հրապարակման մեջ։
Վենեսուելայում ամերիկյան զորքերի երկարաժամկետ ներկայության մանրամասները, այդ թվում՝ զորքերի թվաքանակն ու տեղակայման վայրերը, կհստակեցվեն հետագա պայմանավորվածությունների ընթացքում։ Պետքարտուղարության հայտարարության համաձայն՝ գերատեսչությունն արդեն զինված ուժերի կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրեր է կնքել ավելի քան 100 երկրի հետ։
Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանատունը չի արձագանքել մեկնաբանություն տրամադրելու խնդրանքին։ Պարբերականը բացառիկ է համարում այն փաստը, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է նման պայմանավորվածության հասնել Վենեսուելայի հետ՝ մի երկրի, որը դեռ վերջերս Միացյալ Նահանգներին համարում էր իր թշնամին։
Ըստ փորձագետների՝ պոպուլիստական հակաամերիկյան գաղափարախոսությունը, որը Վենեսուելայում հայտնի է որպես «չավիզմ», շարունակում է վայելել քաղաքացիների 10–20%-ի աջակցությունը։ Դրա կողմնակիցների թվում են նաև զինված ուժերի և ուժային կառույցների ներկայացուցիչներ, որոնք կարող են ակտիվորեն ընդդիմանալ այս բանակցություններին։ Նույնիսկ այդ հայացքները չկիսող շատ վենեսուելացիներ ցավագին են ընդունում այն, ինչն իրենք անվանում են «արևմտյան գաղութատիրության նոր ձև»՝ հատկապես երկրի նավթային պաշարները վերահսկողության տակ առնելու մտադրության մասին Թրամփի հայտարարությունների ֆոնին։



