Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ Ղազարյան
POLITICSԱյս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
«Մեր երկիրը, մեր ժողովուրդն հայտնվել է թշնամական տիրապետության տակ; Այլևս ոչ ոք չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանն այլևս կորցրել է ինքնատիրապետումը, կորցրել է սեփական իշխանությունը և հայտնվել է Ալիևի թակարդում, նա հայտնվել է Ալիևի գերության մեջ և կատարում է նրա բոլոր պահանջները»,-հայտարարել է նա։
Նա նաև ընդգծել է, որ Ալիևը ցանկանում է տիրանալ Հայաստանին, ընդ որում՝ ինքն է հայտնել մեր երկրի նկատմամբ հավակնությունները, մեր երկիրը ադրբեջանցիներով բնակեցնելու իր ծրագրերը։
«Քանի դեռ ՀՀ-ում իշխանության է Փաշինյանը՝ Հայաստանը կանգնած է այդ վտանգի առջև»,-ասել է Ղազարյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: Եվս 8 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Նույն գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 35 անձի նկատմամբ:
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացրել 65 բնակարաններում և ընկերություններում, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի տանը, Նարեկ Կարապետյանի բնակարանում:
Այս պահին ՀՀ քաղաքական մի շարք ուժեր հավաքված են Սամվել Կարապետյանի տանը՝ քննարկելու համատեղ անելիքները։



