Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց
SOCIETYԿառավարությունը հաստատել է բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը։
«Պարո՛ն վարչապետ, ուզում եմ հիշեցնել, որ այս միտքը ծագել է Ձեզ դիմած մի քաղաքացու հետ նամակագրության հետքերով, երբ քաղաքացին խնդրում էր իր բազմազավակ ընտանիքին որևէ պետական աջակցության ծրագրով օգնել, և մենք Ձեզ հետ քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ դրա լուծումը առանձին ծրագիր ունենալն է»,– ասել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
«Պարզվեց, որ մենք ՀՀ-ում 6-ից ավելի անչափահաս երեխա ունեցող 600-ից ավելի ընտանիք ունենք։ Դժբախտաբար, նրանցից շատերը գրանցված են մեր անապահովության համակարգում։ Այդ գաղափարն այնուհետև ամրագրվեց ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրում, հետագայում՝ Կառավարության ծրագրում։ Հիմա հասել ենք այն կետին, որ այն Կառավարության որոշմամբ դառնում է պետական ծրագիր։
Ծրագրի տրամաբանությունը հետևյալն է․ այն ընտանիքներին, որոնք 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կունենան 6 և ավելի անչափահաս երեխա, յուրաքանչյուր երեխայի հաշվարկով 4-ական միլիոն դրամի հավաստագիր ենք տալիս, որը կարող է իրացվել բանկային հիփոթեքային ծրագրերի վարկավորման միջոցով՝ տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար։ Ավելին՝ եթե ընտանիքները որոշեն, որ այդ տունը կառուցվելու է գյուղական բնակավայրում, մենք ևս 4 մլն դրամ ենք տրամադրում»,– նշել է նախարարը։
«Հարգելի՛ գործընկերներ, պարոն Թորոսյանը ներկայացրեց հարցի նախապատմությունը, և, կարճ ասած, հարցը հետևյալն է․ վեց և ավելի երեխա ունեցող այն ընտանիքները, որոնք մեր սահմանած չափանիշներին համապատասխանում են, իսկ չափանիշները սահմանվում են կարիքավորության իրական աստիճանը գնահատելու համար, յուրաքանչյուր երեխայի համար կստանան չորս միլիոն դրամ՝ մեկ բնակարանի ձեռքբերման վկայագրով, և նրանք, ովքեր գյուղական բնակավայրերում կորոշեն ձեռք բերել բնակարան, ևս չորս միլիոն դրամ՝ իրենց կյանքը կազմակերպելու համար»,– ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ճիշտն ասած, պարո՛ն Թորոսյան, հենց նիստի գալուց առաջ, այսինքն՝ աստիճաններով բարձրանալիս էր, որ ես մտածեցի, որ նախկինում մենք խոսել ենք այն մասին, որ այս ծրագրերը, նման ծրագրերը որոշակի կապվածություն պետք է ունենան նաև «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի հետ, որովհետև, եթե ունենք դեռևս այնպիսի իրավիճակներ, որ մենք կառուցել ենք դպրոցներ՝ նկատի ունենալով ոչ թե աշակերտների այսօրվա կամ նույնիսկ շատ տեսանելի պոտենցիալը, այլ պոտենցիալը մեծացնելը, պետք է ծրագիրը փորձենք կապել նաև այդ խնդրի հետ։
Որովհետև նաև ի՞նչ ենք արձանագրում․ որ, ցավոք, նման կարգավիճակ և նման վիճակ ունեցող ընտանիքներում միշտ չէ, որ երեխաների կրթությունը պատշաճ ձևով կազմակերպվում է, և այստեղ մենք ունենում ենք փակ շղթա, որ անապահովությունը ծնում է անապահովություն, անապահովությունը՝ անապահովություն։ Եվ այս շղթան կանգնեցնելու համար մենք մի ձև գիտենք՝ դա կրթությունն է։
Եվ հիմա շատ կարևոր է, որ մենք կարողանանք ծրագիրն ուղղորդել և կապել նորակառույց դպրոցների հետ, ինչը որոշակի լրացուցիչ խթան կդառնա, և նաև կիմանանք՝ երեխաները որտեղ են դասի գնալու, ինչ կրթություն են ստանալու, ինչ ֆիզիկական միջավայրում և այդպես շարունակ»,- եզրափակել է վարչապետը։



