Ֆրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը
INTERNATIONAL NEWSՖրանսիացի իրավապահները ձերբակալել են 642 մարդու՝ նոյեմբերի 5-ին ողջ հանրապետությունում տեղի ունեցած գների աճի դեմ ցույցերի ընթացքում անկարգությունների հետ կապված։ Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով ՆԳՆ թարմացված տվյալներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նոյեմբերի 5-ի երեկոյան, փողոցային ակցիաների մեծ մասի ավարտից հետո, գերատեսչությունը հայտնել էր 448 ձերբակալվածի մասին։ Նշվում էր, որ ձերբակալությունները իրականացվել են ինչպես մարդկանց մոտ արգելված իրեր, օրինակ՝ վառելիք կամ որպես զենք ծառայող գործիքներ հայտնաբերելուց հետո, այնպես էլ որոշ քաղաքներում ցույցերի ընթացքում անկարգությունների ճնշման ժամանակ։
Մասնավորապես, բողոքի ակցիաների ագրեսիվ տրամադրված մասնակիցների և ոստիկանության միջև բախումների մասին հաղորդումներ էին ստացվում Բորդոյից, Լիոնից և Տուլուզից, առանձին միջադեպեր էին արձանագրվել նաև այլ քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում։
Նաև ՆԳՆ-ն հայտնել է 112 ոստիկանի և ժանդարմի մասին, ովքեր տուժել են բախումների ընթացքում։ Նոյեմբերի 5-ի երեկոյան հայտնի էր իրավապահ մարմինների միայն 53 տուժած աշխատակցի մասին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել արհմիությունների համազգային գործադուլ, որոնք պահանջում էին աշխատավարձերի բարձրացում և իշխանությունների հրաժարում խնայողության լրացուցիչ միջոցներից։ Զանգվածային ցույցերին միացել են ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների ասոցիացիաները, որոնք շարունակում են բողոքի ակցիաները սեպտեմբերի վերջից՝ Ֆրանսիայի կրթության նախարարությունից պահանջելով շտկել իրավիճակը մի շարք դպրոցներում որոշ առարկաների ուսուցիչների բացակայության հետ կապված, ինչպես նաև դժգոհում են ուսումնական հաստատությունների վատ վիճակից և ծանրաբեռնված ծրագրից։
ՆԳՆ-ի գնահատականներով՝ ամբողջ երկրում 193 բողոքի ակցիաների դուրս է եկել 575,000 մարդ, որոնցից 65,000՝ Փարիզում։ CGT արհմիությունը հայտարարել է ողջ հանրապետությունում ակցիաներին 1,6 մլն մարդու մասնակցության մասին։ Փարիզյան ցույցին, նրա տվյալներով, մասնակցել է մինչև 350,000 մարդ։



