«Ժամանակը սպառվել է». Զելենսկին՝ պատերազմի մասին
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է երկրի զինված ուժերի հեռահար հարվածների հաջողության մասին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր զինծառայողներին։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը շարունակում է հարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին, պատասխանելով ուկրաինական էներգետիկայի վրա ռուսական հարձակումներին։
Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է թիրախավորել էլեկտրակայանները, ջրամատակարարման ցանցերն ու քաղաքացիական տրանսպորտը՝ օգտագործելով «Շահեդ» անօդաչուներ և հրթիռներ։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը չի փոխում իր մոտեցումները, հրաժարվել է միջազգային գործընկերների առաջարկած լարվածության թուլացման քայլերից և հույսը դնում է նոր հարվածների վրա, ինչին ի պատասխան Ուկրաինան նույնպես մշակել է հետագա գործողությունների պլան։
Անդրադառնալով պատերազմի ավարտին՝ Ուկրաինայի նախագահը նշել է, որ ինչպես ցույց է տվել Օլեշկիի հումանիտար գործողության փորձը, Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը կանգնեցնելու որոշման դեպքում հնարավոր է խաղաղություն հաստատել։
«Ուկրաինային պետք չէ համոզել, որ խաղաղությունը շուտ է պետք։ Մենք դա շատ ենք ուզում։ Պարզապես հարկավոր է, որ Ռուսաստանը հասկանա ու որոշի՝ պատերազմի ժամանակն սպառվել է։ Մեր հեռահար հարվածները և գործընկերների գործադրած ճնշումն այն ամենն են, ինչը Ռուսաստանին կստիպի գնալ իրական բանակցությունների»,- ամփոփել է Զելենսկին։



