Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս
INTERNATIONAL NEWSԳերմանիան ներկայումս ի վիճակի չէ Ուկրաինային տրամադրել «Patriot» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր, քանի որ դա կարող է հանգեցնել սեփական հակաօդային պաշտպանության կարողությունների կրիտիկական թուլացմանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
«Մատակարարումները, մասնավորապես՝ «Patriot» համակարգերի դեպքում, դառնում են բարդ խնդիր։ Գերմանիան արդեն իսկ փոխանցել է մի քանի համակարգ և դրանց համար նախատեսված մեծ քանակությամբ հրթիռներ։ Այս պահին ավելին անել չենք կարող։ Այն ամենը, ինչ մենք հիմա տրամադրենք, հնարավոր չի լինի անմիջապես փոխարինել, ինչը բացեր կստեղծի մեր սեփական պաշտպանական համակարգում, իսկ նման բացեր թույլ տալ մենք մեզ թույլ տալ չենք կարող», — նշել է Պիստորիուսը WAZ-ին տված հարցազրույցում։
Նախարարն ընդգծել է, որ այլ երկրներ «զգալիորեն ավելի փոքր ներդրում» են ունեցել, ուստի Բեռլինն ակնկալում է, որ գործընկերները ավելի վճռական քայլեր կձեռնարկեն։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ այս հարցը մանրամասն կքննարկվի Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի հաջորդ հանդիպմանը, որը նախատեսված է նոյեմբերի կեսերին։
Պիստորիուսը թերահավատություն է հայտնել Ուկրաինայում մոտ ապագայում հրադադար հաստատելու հեռանկարի վերաբերյալ։ Միաժամանակ, նա հույս ունի, որ Մոսկվային չի հաջողվի հասնել իր նպատակներին։
«Չեմ կարծում, թե Ռուսաստանին կհաջողվի այս ձմռանը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա օդային հարվածների միջոցով շրջել պատերազմի ընթացքը հօգուտ իրեն։ Ցամաքային ռազմաճակատում ռուսական ուժերը առաջընթաց չունեն, իսկ կորուստները հսկայական են՝ ամսական 30 000-ից 40 000 զինվոր», — հավելել է Բորիս Պիստորիուսը։
Գերմանիան շարունակում է մնալ Ուկրաինային աջակցություն տրամադրող ամենախոշոր եվրոպական դոնորը։



