Գազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան
INTERNATIONAL NEWSԳազայի հատվածում քաղաքացիական պաշտպանության ջոկատները տարհանում են փախստականների ճամբարների բնակիչներին, որտեղ տեղատարափ անձրևների պատճառով խորտակվել է ավելի քան 70,000 վրան: Այս մասին Maan գործակալությանը հայտնել է պաղեստինյան անկլավի իշխանությունների ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Տասնյակ հազարավոր տեղահանված անձինք գտնվում են խորտակված շրջաններում, նրանց անհրաժեշտ է անհապաղ օգնության տրամադրում: Ուժգին անձրևները և մրրկային քամին վերջին 12 ժամվա ընթացքում հանգեցրել են առանց այն էլ աղետալի հումանիտար իրավիճակի կտրուկ վատթարացմանը»,- նշել է պաշտոնյան:
Նրա տվյալներով՝ մի շարք վայրերում հողի ողողման և ջրածածկումների պատճառով փլուզվել են ժամանակավոր շինություններ, կան տուժածներ: Արտակարգ ծառայություններն աշխատում են բարձր պատրաստվածության ռեժիմով, փրկարարները ստացել են ավելի քան 1,500 կանչ: Սակայն մարդկանց տարհանումը դժվարացած է փրկարարական տեխնիկայի պակասի պատճառով:
Ամենաշատը տուժել են տեղահանված անձանց ճամբարները Գազայի ծովային նավահանգստի շրջանում, անկլավի հյուսիսում՝ Ջաբալիայում և Բեյթ-Լահիայում, ինչպես նաև կենտրոնական հատվածում՝ Դեյր էլ-Բալահում և Նուսեյրատում: Այնտեղ օգտագործվող վրանների մեծ մասը մաշված են և հարմարեցված չեն ուժգին անձրևներից ու ցրտից պաշտպանվելու համար:
Նախնական գնահատականների համաձայն, որոնք մեջբերում է գործակալությունը, վատ եղանակը 3 միլիոն դոլարի վնաս է հասցրել Գազայի ողջ հատվածում ժամանակավոր ճամբարների ենթակառուցվածքին: Անկլավի իշխանությունները հայտարարում են տաքացված վրանների, անջրանցիկ ծածկերի, ձմեռային հագուստի և տաքացուցիչների սուր պակասի մասին:



