Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան
INTERNATIONAL NEWSԹուրքիան Հարավային Կովկասով անցնող և տարածաշրջանը թուրքական տարածքին կապող Միջին միջանցքը համարում է միջազգային առևտրային և տրանսպորտային կապերի զարգացման առանցքային տարրերից մեկը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է Anadolu-ն:
Նրա խոսքով՝ տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացումը դառնում է ռազմավարական անհրաժեշտություն, քանի որ թույլ է տալիս ընդլայնել հասանելիությունը շուկաներին և ամրապնդել մատակարարումների գլոբալ շղթաները:
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան իր աշխարհագրական դիրքը դիտարկում է ոչ միայն որպես մայրցամաքները միացնելու հնարավորություն, այլև որպես ռազմավարական պատասխանատվություն:
Այս ներուժի իրացման համար անհրաժեշտ են զարգացած ենթակառուցվածքներ, դիվանագիտական ջանքեր և տրանսպորտային երթուղիների անվտանգության բարձրացում:
Որպես ևս մեկ հեռանկարային նախագիծ թուրք նախարարը նշել է տրանսպորտային երթուղու ստեղծումը, որը Պարսից ծոցը Իրաքի և Թուրքիայի տարածքով կկապի Եվրոպայի հետ: Անկարան ձգտում է նաև դիվերսիֆիկացնել էներգետիկ երթուղիները և մատակարարման աղբյուրները:
Ֆիդանի խոսքով՝ նման նախագծերը տարածաշրջանային կապերի ավելի լայն համակարգի մաս են, որն ընդունակ է ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ և ամրապնդել քաղաքական համագործակցությունը:



