«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»
INTERVIEW«Փաստ» օրաթերթը գրում է.
«Շատ պատասխանատու, ազնիվ երեխա էր։ Գագիկի կոկիկությունն ու ազնվությունն այլ տեսակի էր։ Չափից դուրս ընկերասեր էր։ Աշխույժ երեխա էր, հասուն տարիքում շատ լրջացավ։ Նրբանկատ էր, ուշադիր»,«Փաստի» հետ զրույցում ասում է Գագիկի մայրիկը՝ տիկին Զինան։
Գագիկը ծնունդով Շիրակի մարզի Ազատան գյուղից է։ Սովորել է գյուղի դպրոցում։ «Լավ էր սովորում։ Ավարտելուց հետո ցանկանում էր ընդունվել ռազմական ակադեմիա։ Ասաց. «Մա՛մ, գնամ բանակ, գամ, անպայման ուսումս կշարունակեմ։ Զինվորական դառնալու ցանկություն ուներ, նաև ռազմագիտության ուսուցիչ դառնալու մասին էր մտածում։ Ցանկություններն ու նպատակները շատ էին, դեռ հստակ չէր կողմնորոշվել»։
2019 թվականի դեկտեմբերի 23-ին Գագիկը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Ջրականում։ Մայրիկն ասում է՝ որդին հրաշալի էր տրամադրված ծառայության հանդեպ։ «Երբ անցավ բժշկական առաջին ստուգումը, շատ ուրախ եկավ տուն. «Մա՛մ, ես ընդունակ եմ ծառայության, շատ առողջ եմ»։ Ծանուցագիրը վերցնելուց հետո ինձ զանգահարեց (այդ օրը մանկապարտեզում աշխատանքի էի). «Մա՛մ, ծանուցագիրը վերցրել եմ, տղեն պետք է ծառայի ու Ղարաբաղում պետք է ծառայի»։ Իմ արձագանքին՝ Ղարաբաղո՞ւմ, Գագիկս դրական արձագանք տվեց՝ տղեն պետք է Ղարաբաղում ծառայի։ Իր ցանկությունը կատարվեց։ Վիճակահանության արդյունքում ծառայության վայր ընտրեց Արցախը՝ Ջրականը։ Այնքան ուրախ էր, այնքան հպարտ էր ծառայում, ոչ մի անգամ որևէ տրտունջ չլսեցինք իրենից։ Մայր եմ, իրեն տարբեր հարցեր էի տալիս, շատ հանգիստ էր արձագանքում բոլոր հարցերիս. «Մա՛մ, հաց կերել եմ, ինձ հետ ամեն ինչ նորմալ է»»։
Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Կիրակի էր, առավոտյան հեռախոսը ձեռքս վերցրեցի, սկսեցի թերթել, պատերազմի լուրը տեսա։ Ամուսնուս ասացի՝ Մկրտի՛չ, պատերազմ է։ Նա էլ արձագանքեց՝ երևի հին լուր ես կարդացել, ի՞նչ պատերազմ։ Նույն պահին մայրիկս, քույրիկս զանգահարեցին, թե ինչպես զանգահարենք, Գագիկի ծնունդը շնորհավորենք, իմ արձագանքն էր՝ չեք լսե՞լ, որ պատերազմ է։ Գագիկիս ծննդյան օրը սեպտեմբերի 27-ն է։ Ժամը յոթի կողմերն անծանոթ համարից զանգ եկավ, Ղարաբաղի կոդն էր։ Պատասխանեցի՝ տղաս էր։ Ասաց. «Մա՛մ, ծնունդս շնորհավոր»։ Միայն այդքանն ասաց ու անջատեց։ Զգացվեց, որ վազում է։ Հետո սկսվեցին տանջալից օրերը։ Ճանաչելով իմ անհանգիստ բնավորությունը՝ Գագիկս ամեն օր զանգահարում էր, թեկուզ ասում էր՝ մա՛մ, ու անջատում։ Ուղղակի իր ձայնն էի լսում։ Ասում էր. «Մա՛մ, ես գիտեմ, որ չզանգեմ, քո հետ ինչ կլինի։ Միայն երկու-երեք անգամ չի զանգահարել երկու օրով, հետո ենք իմացել, որ շրջափակման մեջ են ընկել այդ ժամանակ։ Այդ օրերին հեռախոսս ձեռքիցս այն կողմ չէի դնում։ Շրջափակումից դուրս էին եկել, գիշերով զանգահարեց, ասաց՝ մա՛մ, ու անջատեց։ Զանգահարում էր, զրուցում, ոչինչ չէր ասում շրջափակման մեջ ընկնելու մասին։ Հետո կրկին շրջափակման մեջ է ընկել, կրկին զանգ չենք ստացել իրենից։ Շատ էինք անհանգստանում, երբ իրենից թեկուզ այդ կարճ զանգերը չէինք ստանում։ Բայց նա մեզ ոչինչ չէր պատմում։ Հոկտեմբերի 20-ին՝ միայն մեկ անգամ, Գագիկս տեսազանգով է զանգահարել։ Այդ օրերին ինչեր ասես արդեն լսում էինք պատերազմական իրավիճակի մասին։ Այնքան էի ուրախացել, որ կտեսնեմ տղայիս դեմքը։ Այնքան էր փոխվել Գագիկս, կարծես մեծ մարդ լիներ, այս բառն ասեմ՝ կարծես ծերացած լիներ։ Հետը խոսում էի, սիրտս անհանգիստ էր, անգամ իրեն հարցրեցի՝ գուցե գերի՞ ես։ Տեսազանգով զանգը չլսված բան էր։ Գագիկս ասաց. «Մա՛մ, ապահով տեղում եմ»: Բայց իրականությունն այն է, որ առաջին օրվանից առաջնագծում է եղել, ամենաթեժ մարտերի կիզակետում։ Խնդրում էի ձեռքերը, ոտքերը ցույց տալ։ Իմ բոլոր խնդրանքները կատարեց։ Իր ձեռքերը բորբոքվել էին, օգնություն էին ցույց տվել, բայց մեզ ոչինչ չէր ասել։ Այդ օրն ասաց. «Եկել ենք այստեղ, որ հանգստանանք, լողանանք»։ Դրան հաջորդող օրերին էլ խոսել ենք, զանգահարել, թեկուզ մեկ բառ ասել է։ Իր խոսքն էր. «Մա՛մ, ես լավ եմ, ապահով տեղում եմ»։ Պատերազմից ոչինչ չի ասել։ Միայն հոկտեմբերի 18-ին հայրիկին ասել էր. «Պա՛պ, մեր հրամանատարը զոհվել է, ամբողջ գիշեր կրակել ենք, մարդկային կորուստ ենք պատճառել: Պա՛պ, զարկել եմ»։ Ինքն այնքան խղճով երեխա էր։ Անգամ միջատին չէր թողնի, որ ձեռք տայիր։ Իսկ պատերազմի օրերին... Հոկտեմբերի 28-ին՝ ժամը մեկի կողմերն էր, Գագիկս զանգեց։ Հարցնում էր՝ ի՞նչ նորություն կա։ Ես էլ իրեն նույն հարցը տվեցի։ Ասաց՝ սովորական, մա՛մ։ Բայց այդ օրն իր ձայնի երանգներն այլ էին։ Ես վախենում էի երկար խոսել, ասում էի՝ իմ զանգով չվնասեմ երեխաներին։ Երկու բառ խոսեցինք ու անջատեցի հեռախոսը։ Հիմա փոշմանել եմ, որ երկար չեմ խոսել տղայիս հետ։ Բայց սիրտս անհանգստություն ընկավ, տղայիս ձայնը դուրս չեկավ, հետ զանգեցի, արդեն անհասանելի էր։ Դրանից հետո մեկ շաբաթ ոչ մի զանգ չի եկել։ Հետո արդեն կապ հաստատեցին, որ պայթյուն է եղել։ Զանգից մոտավորապես երկու ժամ անց դեպքը տեղի է ունեցել»։
Գագիկն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում։ «Մեկ ամիս, հավատարիմ մնալով իր երդմանը, Գագիկս կռվել է»։ Երեք ամիս ընտանիքը փնտրել է Գագիկին բոլոր հնարավոր տեղերում։ «Ասում էին նաև, որ գերիների մեջ է։ Ամեն հնարավոր տեղ գնում էինք, իր անվան դիմաց հարցական նշան էր դրված, չէինք կարողանում Գագիկիս գտնել։ Իր հետ եղած ու պատերազմից վերադարձած տղաներն ասել էին՝ Գագիկի ձեռքերը վնասված էին, գիտեինք, որ նա հոսպիտալում է։ Բայց Գագիկն օգնությունը ստացել է և վերադարձել տղաների մոտ՝ կգամ, գոնե զենք կկրեմ։ Հայրիկն արյուն էր հանձնել, երկար ժամանակ նաև համընկնում չկար, դա մեզ հույս էր տալիս։ Փետրվարի 1-2-ին էր, գնացի Հերացի, ասացի՝ թույլ տվեք տեսնել տղաներին, ես իմ որդուն կճանաչեմ, այդ օրը թույլ չտվեցին։ Իսկ հետո համընկնման մասին լուրը ստացանք»։
Ապրելու ուժի մասին. «Ամեն օր այդ հարցն եմ տալիս՝ Աստված իմ, ինձ այս ինչքան ուժ ու համբերություն ես տվել, չգիտեի, որ այսքան ուժ ունեմ։ Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի։ Ծառայության ժամանակ, երբ երեկոյան զանգահարում էր, եթե զանգը մեկ վայրկյանով անգամ ուշանար, իրեն հարցնում էի՝ Գագ, ինչո՞ւ ուշ զանգեցիր։ Չէի կարողանում շնչել։ Իսկ հիմա՞...
Ապրելու ուժը Գագիկիցս եմ ստանում։ Նա ինձ անընդհատ ուժ է տալիս։ Զգացել եմ իր ներկայությունը ծանր օրերին։ Նա կարծես անընդհատ իմ կողքին լինի։ Գագիկն իմ առաջնեկն է, իրենից կրտսեր քույր և եղբայր ունի»։
Հ. Գ. - Գագիկ Ենգոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ազատանի պանթեոնում։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



