13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցում
SOCIETYԳերմանիայում 13-ամյա աշակերտուհի Լիզայի առևանգման և սպանության մեջ կասկածվող 22-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում։ Նա գլխի ծանր վնասվածքներով կիրակի օրվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին, ըստ Bild-ի, հայտնել է Բեռլինի դատախազության ներկայացուցիչ Ալան Բաուերը։
Դատախազությունից հայտնել են, որ տղամարդու մարմինը կենթարկվի դիահերձման։ Նրա մահվան հստակ պատճառը պարզելը նույնպես 13-ամյա աղջկա սպանության գործով հետաքննության շրջանակում է։
Իրավապահների տվյալներով՝ կասկածյալը ծանր վնասվածքներ է ստացել ձերբակալության ժամանակ։ Երբ ոստիկանները ժամանել են նրա բնակարան՝ Լեհաստանի սահմանին գտնվող Բադ Ֆրայենվալդե քաղաքում, տղամարդը փորձել է ինքն իրեն մահացու վնասվածքներ հասցնել։ Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Լիզան անհետացել էր նոյեմբերի 3-ի առավոտյան՝ Բեռլինի Մարզան շրջանում դպրոց գնալու ճանապարհին։ Նրա որոնումներին մասնակցել են հարյուրավոր ոստիկաններ, ծառայողական շներ և ուղղաթիռներ։
Նոյեմբերի 8-ին աղջկա մարմինը հայտնաբերվել է Բադ Ֆրայենվալդեի մոտ գտնվող լքված տներից մեկում՝ Բեռլինից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա։ Նույն վայրում հայտնաբերվել էր նաև ծանր վիրավոր կասկածյալը։
Bluewin.ch-ի փոխանցմամբ՝ քննիչների տվյալներով՝ 22-ամյա տղամարդն ու աղջիկը միմյանց ծանոթ չեն եղել։
Հետաքննության ընթացքում պարզվել է նաև, որ տղամարդն ունեցել է քրեական անցյալ։ Հոկտեմբերին դատարանը նրան մեկ տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու, փաստաթղթեր կեղծելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և զենք ապօրինի պահելու համար։ Դատավճիռն ուժի մեջ էր մտել նոյեմբերի 5-ին՝ աղջկա անհետացումից երկու օր անց։
Բացի այդ, 2025 թվականի հունվարից նրա նկատմամբ հետաքննություն էր ընթանում անչափահասների նկատմամբ սեռական բռնություն պատկերող նյութեր ձեռք բերելու և պահելու կասկածանքով։ Դատախազության տվյալներով՝ առգրավված կրիչներում հայտնաբերվել էր ավելի քան 900 ապօրինի ֆայլ։
2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հունվար տղամարդը գտնվել էր հոգեբուժական կլինիկայում՝ հոգեկան հիվանդության հնարավոր առկայության կասկածով։ Սակայն հետազոտությունների արդյունքում ախտորոշումը չէր հաստատվել, և նա դուրս էր գրվել։
Լիզայի մահվան և կասկածյալի մահվան հանգամանքների վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է։
Past.am-ը կհետևի գործի հետագա զարգացումներին։



