Դիաբետով հիվանդներին նոր տեսակի ինսուլին կտրամադրվի․ կառավարությունը փոփոխություն է հաստատել
SOCIETYԿառավարությունը հավանություն է տվել «Գնման պայմանագրում փոփոխություն կատարելուն թույլտվություն տալու մասին» որոշման նախագծին, որի արդյունքում շաքարային դիաբետով մինչև 28 տարեկան երեխաներն ու երիտասարդները կապահովվեն նոր տեսակի երկարատև ազդեցության ինսուլինով։
Ինչպես տեղեկանում է Past.am-ը, ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող կենտրոնացված գնումների շրջանակում 2026-2028 թվականների բյուջետային հայտերով նախատեսված էր մինչև 28 տարեկան շաքարային դիաբետով բուժառուներին անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրելու նպատակով ձեռք բերել երկարատև ազդեցության ինսուլիններ։
Այդ նպատակով նախարարության և «Մ.Լ.Ն. Ֆարմ» ՍՊԸ-ի միջև 2025 թվականի օգոստոսի 19-ին կնքվել էր N ԷԱՃԱՊՁԲ-2026/1-1 գնման պայմանագիրը։ Դրա երկրորդ չափաբաժնով նախատեսված էր «Լեվեմիր» (ինսուլին դետեմիր) տեսակի երկարատև ազդեցության ինսուլինի ձեռքբերումը։
Սակայն «Նովո Նորդիսկ» (Novo Nordisk) դեղագործական ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ արտադրական գլոբալ հզորությունների վերաբաշխման պատճառով ամբողջ աշխարհում ամբողջությամբ դադարեցվում է «Լեվեմիր» դեղի արտադրությունն ու մատակարարումը։ Արդյունքում անհնար է դառնում պայմանագրով նախատեսված դեղամիջոցի հետագա մատակարարումն ապահովել Հայաստանի Հանրապետություն։
Հաշվի առնելով դեղամիջոցի կենսական նշանակությունը թիրախային խմբի՝ մինչև 28 տարեկան երեխաների և երիտասարդների առողջության պահպանման ու կյանքի որակի ապահովման համար՝ որոշում է կայացվել վերանայել գնումների պլանը և նախատեսված բյուջետային հատկացումների շրջանակում անցում կատարել նույն արտադրողի նոր սերնդի «Ինսուլին դեգլուդեկ» («Տրեսիբա»/Tresiba) դեղին, որն ավելի արդյունավետ է և շուկայում ունի կայուն հասանելիություն։
Past.am-ի տեղեկություններով՝ նոր դեղամիջոցի միավորի շուկայական արժեքը տարբերվում է դադարեցված «Լեվեմիրի» գնից։ Որոշման ընդունումից հետո Առողջապահության նախարարությունը համապատասխան փոփոխություն կկատարի գործող գնման պայմանագրում։ Մասնավորապես, երկրորդ չափաբաժնի՝ «Ինսուլին երկարատև ներարկման լուծույթ 100 ՄՄ/մլ 3 մլ» ապրանքի մեկ միավորի գինը կսահմանվի 7680 դրամ՝ նախկին 5475.69 դրամի փոխարեն։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ «Տրեսիբայի» օրական դեղաչափը միջինում 20-30 տոկոսով պակաս է «Լեվեմիրի» օրական դեղաչափից։ Թեև նոր դեղամիջոցի մեկ գրիչ-ներարկչի նախնական գինն ավելի բարձր է՝ 7680 դրամ, դրա օգտագործման ընդհանուր քանակը նվազում է շուրջ 30 տոկոսով։
Նշվում է, որ երկարաժամկետ հեռանկարում դեղամիջոցի ծախսվող քանակի նվազումը փոխհատուցում է գնային տարբերությունը՝ նոր տարբերակը տնտեսապես շահավետ դարձնելով նաև պետական բյուջեի համար։



