Yerevan, 12.November.2026,
00
:
00
BREAKING

Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ

INTERNATIONAL NEWS

Տեխնոլոգիական առաջընթացը, որի շնորհիվ բալիստիկ հրթիռները դառնում են ավելի էժան ու դիպուկ, Իրանին և Եմենի հութիներին հնարավորություն է տվել հարվածներ հասցնել իրենց հակառակորդներին Մերձավոր Արևելքի ողջ տարածքում, գրում է The Wall Street Journal-ը։

Նախկինում հիմնականում միջուկային գերտերություններին հասանելի այս զինատեսակի զարգացումն ու տարածումը նշանակում է, որ աշխարհում ռազմական դոկտրինները խորքային և անհապաղ վերանայման կարիք ունեն։

Ուկրաինական պատերազմի ընթացքում անօդաչու սարքերի կիրառման ոլորտում տեղի ունեցող հեղափոխությանը զուգահեռ՝ այս փոփոխությունները գլոբալ ռազմավարական հետևանքներ են ունենում, այդ թվում՝ Եվրոպայում և Ասիայում ամերիկյան ռազմական ներկայության համար։ Առանցքային ռազմական օբյեկտներն ու կենսական նշանակության ենթակառուցվածքներն ավելի ու ավելի խոցելի են դառնում։

«Բալիստիկ հրթիռների զարգացման շնորհիվ անգամ ոչ պետական կազմավորումներն են հնարավորություն ստացել հարվածներ հասցնել զգալի հեռավորությունների վրա, ինչը փոխում է ռազմական գործողությունների թատերաբեմի խորության մասին պատկերացումները»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի ավիացիայի պաշտոնաթող մարշալ Մարտին Սեմփսոնը, որն այժմ գլխավորում է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) մերձավորարևելյան ներկայացուցչությունը։

Նրա խոսքով՝ նման սպառնալիքներից պաշտպանվելու համակարգերը դեռևս չեն հասցնում հարմարվել ընթացող փոփոխություններին։ «Այժմ ցանկացած ստացիոնար օբյեկտ դառնում է պոտենցիալ թիրախ»,- ընդգծել է նա։

Այս տարի Իրանին հաջողվել է լուրջ վնաս հասցնել ամերիկյան ռազմաբազաներին՝ ԱՄՆ-ին ստիպելով հրաժարվել Պարսից ծոցի մի շարք առանցքային օբյեկտների շահագործումից։ Բահրեյնի մայրաքաղաքի առափնյա հատվածում տեղակայված ամերիկյան ռազմական համալիրների տարածքում մինչ օրս երևում են ոչնչացված ռադիոտեղորոշիչ կայանների և կապի միջոցների այրված կմախքները։

Միևնույն ժամանակ, Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին ու էներգետիկ օբյեկտներին՝ տնտեսական ճնշում գործադրելով իրենց ֆինանսական հնարավորություններով բազմակի գերազանցող հակառակորդի վրա։

Ընդ որում, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ նրա տարածաշրջանային դաշնակիցները սկսում են բախվել բալիստիկ հրթիռների դեմ պայքարի հիմնական միջոցների՝ Patriot և THAAD համալիրների կալանիչ հրթիռների պակասի։

Նման համակարգերի համաշխարհային դեֆիցիտն անդրադառնում է նաև Ուկրաինայի վրա՝ երկիրը թողնելով անպաշտպան էներգետիկ ենթակառուցվածքների, ռազմավարական նշանակության կամուրջների և արդյունաբերական ձեռնարկությունների ուղղությամբ ռուսական զանգվածային հրթիռային հարվածների առջև։

Այս անհավասարակշռության հետևանքները հիմնարար նշանակություն ունեն ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վարման ողջ համակարգի համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Վաշինգտոնը հենվում էր աշխարհով մեկ սփռված ռազմաբազաների լայն ցանցի վրա՝ դաշնակիցների անվտանգությունն ապահովելու և մրցակից տերություններին զսպելու նպատակով։ Սակայն այսօր պարզվում է, որ այդ օբյեկտները խոցելի են նույնիսկ համեմատաբար թույլ պետությունների զինված ուժերի և ոչ պետական կազմավորումների առջև, ինչպիսիք են Իրանն ու հութիները, որոնք ունակ են հարվածներ հասցնել հարյուրավոր և անգամ հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից։

Մինչդեռ Չինաստանը, Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան տիրապետում են բալիստիկ հրթիռների անհամեմատ ավելի մեծ ու տեխնոլոգիապես կատարելագործված զինանոցների։ Դրանց արտադրության տեմպերը զգալիորեն գերազանցում են կալանիչ հրթիռներ թողարկելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հնարավորությունները։

Պենտագոնն այս խնդրի վերաբերյալ հարցմանն օպերատիվ մեկնաբանություն չի տրամադրել։

«Իրանի հետ պատերազմն ի ցույց դրեց ոչ միայն ամերիկյան զինված ուժերի խոցելիությունը զինամթերքի պաշարների տեսանկյունից, այլև այն, որ պատերազմ վարելու ամերիկյան հայեցակարգն այլևս չի համապատասխանում ժամանակակից իրողություններին։ Ռազմական հզորությունը հասանելի է դարձել շատ ավելի լայն շրջանակի»,- հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ զսպվածության օգտին հանդես եկող Defense Priorities վերլուծական կենտրոնի ռազմական վերլուծության գծով տնօրեն Ջենիֆեր Կավանան։

Նրա խոսքով՝ ամերիկյան ռազմական ստրատեգիան մեծապես հիմնված է առաջապահ բազաներից գործելու և դրանց պաշտպանությունն ապահովելու հնարավորության վրա։ «Սակայն Մերձավոր Արևելքի իրադարձությունները ցույց են տալիս, որ ներկայիս տեսքով այդ բազաները գործնականում անհնար է պաշտպանել նույնիսկ համեմատաբար թույլ հակառակորդից»,- ընդգծել է փորձագետը։

Թեև ուկրաինական պատերազմը համընդհանուր ուշադրություն հրավիրեց անօդաչու տեխնոլոգիաների հեղափոխության վրա, դրոնները սովորաբար համեմատաբար փոքր մարտական լիցք են կրում և բավական հեշտությամբ են խոցվում։

Դրանք կարող են չափազանց արդյունավետ լինել դյուրավառ օբյեկտների, օրինակ՝ ռուսական կամ սաուդյան նավթավերամշակման գործարանների դեմ։ Սակայն, ի տարբերություն ամրաշինական կառույցները ճեղքելու ունակ հզոր մարտագլխիկներով հագեցած բալիստիկ հրթիռների, անօդաչուները, որպես կանոն, չեն կարող ոչնչացնել էլեկտրակայանները, պաշտպանված ավիացիոն անգարները կամ ռազմական ձեռնարկությունների արտադրական հոսքագծերը։

Ամերիկացի զինվորականներն ու դաշնակից երկրների զինված ուժերի ներկայացուցիչներն ընդունում են, որ բալիստիկ հրթիռներից բխող նոր սպառնալիքը պահանջում է վերանայել ԱՄՆ-ի ռազմական ներկայության գլոբալ ռազմավարությունը։

Խնդիրն առանձնակի սրում է կալանիչ հրթիռների դեֆիցիտը, որն ամերիկյան ռազմարդյունաբերությունը չի կարողանա հաղթահարել առաջիկա մի քանի տարում։ Ընդ որում՝ ռազմական ստրատեգիայի վերանայման ուղղությամբ հստակ լուծումներ առայժմ չեն հրապարակվել։

Արևմտյան պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը նշել է, որ առաջիկա տարիներին ամերիկյան ռազմական օբյեկտների տեղակայման համար նախընտրելի կդառնան այն երկրները, որոնք ունակ են ինքնուրույն ապահովել հակահրթիռային պաշտպանությունը։

Նման միտում արդեն իսկ նկատվում է Մերձավոր Արևելքում, որտեղ ամերիկյան ռազմական գործողություններն ավելի ու ավելի են կենտրոնանում Իսրայելում. երկիր, որն ինքնուրույն է մշակում, արտադրում և շահագործում հակահրթիռային պաշտպանության համակարգեր։

Որոշակի առումով արևմտյան ժողովրդավարությունները պատմականորեն ձևավորված իրավիճակի պատանդն են դարձել։

Նախկինում բալիստիկ հրթիռները չափազանց թանկ էին և ոչ բավարար չափով դիպուկ։ 20-րդ դարի կեսերի և երկրորդ կեսի ռազմական դոկտրինները դրանք դիտարկում էին գլխավորապես որպես միջուկային զենք հասցնելու միջոց։ Միջուկային պայթյունի դեպքում թիրախից մի քանի հարյուր մետր շեղումը, ինչը բնորոշ էր այդ ժամանակաշրջանի հրթիռներին, սկզբունքային նշանակություն չուներ։

«Երկար ժամանակ այդ համակարգերն այնքան անճիշտ էին, որ սովորական մարտագլխիկներով դրանց կիրառումը սահմանափակ արդյունավետություն ուներ, հատկապես՝ մեծ հեռավորությունների վրա։ Սակայն վերջին տասնամյակներում ականատես ենք լինում ավելի ու ավելի դիպուկ բալիստիկ հրթիռների ի հայտ գալուն։ Սկզբնապես նման տեխնոլոգիաներ մշակում էին ամենազարգացած պետությունները, բայց այժմ դրանք տարածվում են ամբողջ աշխարհում»,- պարզաբանել է Conflict Armament Research հետազոտական կազմակերպության հրթիռային սպառազինությունների գծով փորձագետ Ֆաբիան Հինցը։

Նրա խոսքով՝ պատերազմ վարելու արևմտյան ավանդական հայեցակարգը միշտ ենթադրել է օդում առավելության կամ լիակատար գերակայության հնարավորինս արագ նվաճում։

«Սակայն այժմ նույնիսկ ժամանակակից ավիացիա չունեցող հակառակորդը կարող է հրթիռային հարվածներ հասցնել ձեր թիկունքային օբյեկտներին։ Սա արմատապես տարբերվում է պատերազմ վարելու այն մոդելից, որն Արևմուտքը կիրառել է վերջին տասնամյակների ընթացքում»,- նշել է փորձագետը։

Միջուկային գործոնը երկար ժամանակ կանխորոշում էր հակահրթիռային պաշտպանության զարգացման հանդեպ մոտեցումը։

Բալիստիկ հրթիռների որսման համակարգերի ստեղծումը դիտարկվում էր որպես ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև միջուկային հավասարակշռությունը խախտող պոտենցիալ գործոն, ուստի համապատասխան ծրագրերը սահմանափակվում էին միջազգային պայմանագրերով։

Մինչև 2019 թվականը գործած Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը նույնպես հետ էր պահում եվրոպական պետություններին ցամաքային տեղակայման սեփական բալիստիկ հրթիռներ մշակելուց։

Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմների ֆոնին կալանիչ հրթիռները դարձել են ամենասակավաթիվ զինատեսակներից մեկը։

Դրանք ռազմարդյունաբերության ամենաթանկ և տեխնոլոգիապես բարդ արտադրատեսակներից են, որոնց թողարկմամբ զբաղվում են արևմտյան հաշված ընկերություններ։

Խոշորագույն արտադրողը՝ ամերիկյան Lockheed Martin-ը, չի հասցնում բավարարել կտրուկ աճած համաշխարհային պահանջարկը։ Patriot PAC-3 և THAAD համալիրների կալանիչ հրթիռների համար ընկերության պատվերների փաթեթը հագեցած է ընդհուպ մինչև 2030-ական թվականները։

Եվրոպական ֆրանս-իտալական SAMP/T կոնսորցիումը միայն հաջորդ տարի է նախատեսում սկսել բալիստիկ սպառնալիքների չեզոքացման համար նախատեսված նոր սերնդի Aster հրթիռների արտադրությունը։

Գերմանիան այդ ընթացքում տեղակայում է հակահրթիռային պաշտպանության իսրայելական Arrow 3 համակարգը։

Մինչդեռ, ինչպես ցույց տվեցին հութիները, բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու տեխնոլոգիական և ֆինանսական խոչընդոտները սրընթաց նվազում են։

Նորվեգիայի պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի հրթիռային սպառազինությունների գծով փորձագետ Ֆաբիան Հոֆմանի կարծիքով՝ տեսանելի ապագայում առավելությունը կմնա հարձակվող կողմին։

«Նույնիսկ Միացյալ Նահանգները՝ իր արդյունաբերական ներուժով հանդերձ, պատրաստ չէ պաշտպանվել մի հակառակորդից, որն արդյունաբերական ծավալներով բալիստիկ հրթիռներ է արտադրում»,- հայտարարել է նա։

«Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում իրավիճակը կարող է փոխվել, սակայն մոտ ապագայում այդ խնդիրը լուծելը չափազանց բարդ կլինի»,- հավելել է փորձագետը։

Ռազմական բազմաթիվ մասնագետներ հարց են բարձրացնում, թե որքանով է արդարացված պաշտպանական բյուջեների զգալի մասն ուղղել կալանիչ հրթիռների գնմանը։ Նրանց կարծիքով՝ ավելի արդյունավետ մոտեցում կարող է դառնալ զսպման ներուժի հզորացումը։

«Կասկածում եմ՝ արժե՞ արդյոք առհասարակ փորձել պաշտպանվել նման զենքից»,- հայտարարել է ֆրանսիացի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Միշել Յակովլեֆը։

Նրա խոսքով՝ միջազգային անվտանգությունը փաստացի վերադառնում է միջպետական զսպման տրամաբանությանը։

«Ֆրանսիան երբեք չի հրաժարվել միջուկային զենքն առաջինը կիրառելու հնարավորությունից։ Եվ եթե Ռուսաստանը մեկ գիշերվա ընթացքում 200 բալիստիկ հրթիռ արձակի Եվրոպայի առանցքային տնտեսական ու քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ, դա կարող է ֆրանսիական միջուկային հրթիռով պատասխանելու լուրջ գայթակղություն առաջացնել»,- նշել է նա։

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը համակարծիք է, որ զսպման ներուժի ամրապնդումը պետք է դառնա պաշտպանական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։

Սակայն, նրա կարծիքով, միաժամանակ անհրաժեշտ է հարմարվողական միջոցառումների մի ամբողջ համալիր՝ ավիաբազաների պաշտպանվածության ուժեղացում, զորքերի ապակենտրոնացում և դրանց շարժունակության բարձրացում։

Ընդ որում՝ արտերկրում գործող ռազմաբազաները, չնայած նոր հրթիռային սպառնալիքների և անօդաչուների լայն կիրառման պայմաններում դրանց արդիականացման անհրաժեշտությանը, կմնան ամերիկյան ռազմական ստրատեգիայի անփոխարինելի տարրը։

«Անհնար է ապահովել Միացյալ Նահանգների պաշտպանությունը՝ գտնվելով բացառապես Տեխասի Ֆորտ Հուդ կամ Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգ բազաներում։ Անհրաժեշտ է հնարավորություն ունենալ սպառազինությունը, լոգիստիկ հզորությունները, նորոգման-տեխնիկական ենթակառուցվածքները, ինչպես նաև հրամանատարության և կառավարման համակարգերը տեղակայել հենց այնտեղ, որտեղ դրանք պահանջվում են»,- ընդգծել է Հոջեսը։

Հենց այդ պատճառով, նրա խոսքով, Եվրոպայում ամերիկյան բազաներն այդքան մեծ նշանակություն ունեն, ինչպես և Մերձավոր Արևելքի օբյեկտները։

«Սակայն մենք նաև պարզեցինք, որ Մերձավոր Արևելքի որոշ բազաներ, գուցե, այնքան էլ կարևոր չեն, որքան ենթադրում էինք, և միևնույն ժամանակ չափազանց խոցելի են։ Ուստի հարկ կլինի մանրակրկիտ համադրել դրանց հետագա պահպանման ծախսերն ու օգուտները»,- եզրափակել է գեներալը։

Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of Yerevan