Հայ գերիների հարցի լուծումը նախապայման է. Ֆրանսիացի նախարար
INTERNATIONAL NEWS«Չլուծված մարդասիրական հարցերը պետք է քննարկվեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Գերիների հարցի լուծումը նախապայման է»,-այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին առևտրի և ներդրումային գրավչության հարցերով լիազոր-նախարար Նիկոլա Ֆորիսյեն՝ պատասխանելով Սենատի անդամ Մարի-Առլետ Կարլոտիի՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին հարցին:
Քննարկումից կարճ տեսանյութ է հրապարակվել սոցիալական ցանցերում:
Մարսելից ընտրված սենատոր Կարլոտիին հարցը վերաբերել է բռնի տեղահանված արցախցիերին Ֆրանսիայի կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությանը և Բաքվում ապօրինի պահվող հայերի ճակատագրին:
«Այս տարվա փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը դատապարտել է 15 հայերի, որոնցից հինգին՝ ցմահ ազատազրկման։ Մի քանի օր անց Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Amnesty International-ը դատապարտել է արդար դատաքննության երաշխիքների լուրջ խախտումները, իսկ Human Rights Watch-ը՝ բժշկական օգնության հասանելիության և ընտանիքների հետ կապի սահմանափակումները։ Ի՞նչ նախաձեռնությամբ եք հանդես գալիս եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի խաղաղության գործընթացը ներառի գերիների ազատ արձակման և տեղահանվածների ազատ ընտրության, մասնավորապես՝ վերադարձի իրավունքի ապահովման հարցերը», -հարցրել է սենտորը:
«Չլուծված մարդասիրական հարցերը պետք է քննարկվեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Մենք ողջունել ենք այս տարվա հունվարի 14-ին չորս գերիների վերադարձը Հայաստան և կոչ ենք անում ազատ արձակել կամայականորեն կալանավորված բոլոր անձանց։ Հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման հնարավորություն է ստեղծում։ Մենք խրախուսում ենք երկու կողմերին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։ Գերիների հարցի լուծումը նախապայման է»,- ի պատասխան հայտարարել է նախարար Ֆորիսյեն։
Նա նաև ավելացրել է, որ Ֆրանսիան հստակ դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և ափսոսանք հայտնել տարածաշրջանի հայ բնակչության գրեթե ամբողջական հեռանալու կապակցությամբ։
«Մենք ամենամեծ մարդասիրական աջակցությունն ենք ցուցաբերել տեղահանվածների ընդունման հարցում։ Հատկացվող միջոցները կհարմարեցվեն առկա կարիքներին՝ մարդասիրական և արդյունավետ աջակցություն ապահովելու նպատակով։ Ֆրանսիան կարևորում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ին սահմանած ժամանակավոր միջոցների կատարումը։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց բնակության վայրեր, պետք է հնարավորություն ունենան դա անել ազատ և անվտանգ պայմաններում»,-ավելացրել է նախարարը:



