Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներ
INTERNATIONAL NEWSՉինաստանը նոյեմբերի սկզբին Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում և Թայվանի մերձակայքում լայնածավալ ռազմական զորավարժություններ է անցկացրել՝ առանց դրանց մասին նախապես հայտարարելու։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Թայվանի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները։
Զորավարժությունների ամենաակտիվ փուլում տարածաշրջանում կենտրոնացվել է Չինաստանի ռազմածովային ուժերի և առափնյա պահպանության ավելի քան 100 նավ։ Ռազմական գործողությունների ընթացքում փորձարկվել են տարբեր հարձակողական սցենարներ, այդ թվում՝ այլ երկրների զինված ուժերի և քաղաքների, մասնավորապես՝ Թայբեյի դեմ հնարավոր հարվածների նմանակումներ։
Թայվանի պաշտոնյաները Պեկինի այս քայլերը գնահատել են որպես «քողարկված ահաբեկման» փորձ՝ ընդգծելով, որ դրանց հիմնական նպատակը Թայվանի և այլ պետությունների նկատմամբ ռազմական ու քաղաքական ճնշման ուժեղացումն է։
Թայվանի անվտանգության ոլորտի երկու աղբյուրների տեղեկություններով՝ նոյեմբերի 13-ի դրությամբ չինական շուրջ 70 նավ շարունակում էր գտնվել այսպես կոչված Առաջին կղզային շղթայի սահմաններում։ Զորավարժություններում ներգրավված են եղել Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի երեք՝ Արևելյան, Հյուսիսային և Հարավային հրամանատարությունները։
Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ ռազմական գործողությունների ընթացքում Դեղին ծովում գտնվող չինական սուզանավից արձակվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ՝ Չինաստանի մայրցամաքային հատվածի ուղղությամբ։
Հատկանշական է, որ Պեկինը մինչ օրս պաշտոնապես չի հաստատել զորավարժությունների անցկացումը։ Չինաստանի պաշտպանության նախարարությունն անպատասխան է թողել նաև Reuters-ի՝ այդ գործողությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու հարցումը։



