Ողբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաները
SOCIETYԵրևան–Աշտարակ ճանապարհին ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
Հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհին, բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, բախման հետևանքով 2 մարդ մահացել է, 5-ը` վնասվածքներ ստացել։ Ավելի ուշ պարզվեց, որ մահացածները ամուսիններ են, իսկ տուժածները` նրանց երեխաները, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը` միջին ծանրության։ Հոկտեմբերի 25-ին երեխաներից մեկը` 6 տարեկան տղան, մահացավ։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում գտնվող 13-ամյա երեխայի մոտ դրական դինամիկա կա ու նրան տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք։
«Մեզ մոտ գտնվող 3 երեխայից մեկը, որի վիճակը միջին ծանրության էր ու դեռ հոկտեմբերի վերջին տեղափոխվել էր բաժանմունք, արդեն դուրս է գրվել, մյուս 2-ի մոտ (7 և 10 տարեկան), որոնք ծայրահեղ ծանր վիճակում էին, ևս դրական դինամիկա կա, բայց նրանք դեռ վերակենդանացման բաժանմունքում են։ Ծանր վիրահատություններից ու միջամտություններից հետո հիմա այդ 2 երեխայի վիճակը ծայրահեղ ծանրից դարձել է ծանր և գնում է դեպի միջին ծանրության։ Երեխաների գիտակցությունը մանր–մանր գալիս է, դեռ լրիվ գիտակցություն չկա»,– ասել է Սարգսյանը։ Նրա խոսքով` դուրսգրված երեխան այժմ հարազատների հետ է։
Տուժած 4-րդ երեխան` 11 ամսական աղջնակը, նոյեմբերի 3–ին դուրս էր գրվել հիվանդանոցից։
Հիշեցնենք, որ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին։ Կինը` 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը, 2 երեխաների հետ գնացել էր Գյումրի` մոր մահվան քառասունքին, մի քանի օրից էլ ամուսինը` 37-ամյա Մխիթար Նազարյանը, 3 երեխաների հետ մեկնել էր Գյումրի, ու միասին Եղվարդ էին վերադառնում։



