Շաքարային դիաբետը տարեցտարի տարածվում է․ որո՞նք են հիվանդության հիմնական ռիսկերը և ինչպե՞ս կանխարգելել այն
SOCIETY
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ հանրային առողջապահության լուրջ մարտահրավերներից մեկը։ Հիվանդության տարածվածությունն աճում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Նստակյաց կենսակերպը, ավելորդ քաշը, սխալ սննդակարգն ու ժառանգական նախատրամադրվածությունը ռիսկի հիմնական գործոններից են։ Նոյեմբերի 14-ին՝ Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով, MediaHub-ը զրուցել է էնդոկրինոլոգ Արմինե Խռոյանի հետ՝ պարզելու, թե ինչու է հիվանդությունը տարածվում, ինչ ախտանշանների պետք է ուշադրություն դարձնել և հնարավո՞ր է արդյոք կանխել դրա զարգացումը։
Էնդոկրինոլոգի խոսքով՝ շաքարային դիաբետով հիվանդների թիվը տարեցտարի ավելանում է, հատկապես մեծ է երկրորդ տիպի դիաբետի տարածվածությունը։
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, շաքարային դիաբետով պացիենտների թիվը տարեցտարի ավելանում է, հատկապես՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետի։ Դրա հիմնական պատճառներն են նստակյաց աշխատանքը, սխալ կենսակերպը, սննդակարգը և, բնականաբար, քաշի ավելացումը, որը երկրորդ տիպի դիաբետի հիմնական ռիսկի գործոններից է»,- նշեց էնդոկրինոլոգը։
Խոսելով հիվանդության առաջացման պատճառների մասին՝ Արմինե Խռոյանը նշեց, որ ժառանգական նախատրամադրվածությունը կարևոր դեր ունի, սակայն միայն դա բավարար չէ․ հիվանդության դրսևորման համար նշանակություն ունեն նաև արտաքին գործոնները։
«Երկրորդ տիպի շաքարային դիաբետի հիմքում ժառանգական գործոնն է, սակայն գենետիկ նախատրամադրվածության առկայությունը դեռ չի նշանակում, որ հիվանդությունն անպայման կզարգանա։ Անհրաժեշտ են նաև հրահրող գործոններ՝ ավելորդ քաշ, նստակյաց կյանք, բարձր զարկերակային ճնշում, քրոնիկ հիվանդություններ, որոշ դեղամիջոցների երկարատև ընդունում»,- ընդգծեց բժիշկը։
Առաջին տիպի դիաբետի դեպքում մեխանիզմն այլ է․ այն կապված է աուտոիմուն գործընթացների հետ։ Բժշկի խոսքով՝ գենետիկ նախատրամադրվածության պայմաններում որոշ վիրուսային և վարակիչ հիվանդություններ կարող են նպաստել դրա զարգացմանը։ Նա առանձնացրել է նաև կորոնավիրուսային վարակից հետո երեխաների և դեռահասների շրջանում առաջին տիպի դիաբետի դեպքերի աճի վերաբերյալ իր դիտարկումները։
Հիվանդության վաղ հայտնաբերումը հատկապես կարևոր է, քանի որ երկրորդ տիպի շաքարային դիաբետը կարող է երկար ժամանակ ընթանալ առանց ակնհայտ ախտանշանների։
«Երկրորդ տիպի շաքարային դիաբետը սկզբնական շրջանում կարող է անախտանիշ լինել։ Պացիենտը կարող է պատահական հետազոտության ժամանակ պարզել, որ արյան մեջ գլյուկոզի մակարդակը բարձր է։ Երբ հիվանդությունն արդեն կլինիկորեն արտահայտվում է, հիմնական ախտանշաններն են բերանի չորությունը, ծարավի զգացումը, շատամիզությունը, թուլությունը։ Կարող են լինել նաև ոտքերի ցավեր և ծակծկոցներ։ Հատկապես պետք է ուշադրություն դարձնել ջրազրկման հետ կապված ախտանշաններին»,- ասաց Խռոյանը։
Անդրադառնալով տարիքային և սեռային առանձնահատկություններին՝ էնդոկրինոլոգը նշեց, որ երկրորդ տիպի դիաբետն առավել տարածված է հասուն տարիքում, իսկ տղամարդկանց և կանանց շրջանում դրա հանդիպման հաճախականությունը հիմնականում համադրելի է։ Ըստ նրա՝ շաքարային դիաբետի դեպքերի մեծամասնությունը բաժին է ընկնում երկրորդ տիպին։
Հիվանդության շուրջ տարածված կարծրատիպերից մեկն էլ այն է, թե քաղցրավենիքի օգտագործումն ինքնին առաջացնում է շաքարային դիաբետ։ Բժիշկն ընդգծեց, որ այդ պնդումը ճիշտ չէ, սակայն շաքարով հարուստ սննդակարգը, հատկապես ավելորդ քաշի և ժառանգական նախատրամադրվածության պայմաններում, կարող է նպաստել հիվանդության զարգացմանը։
«Եթե ասում ենք, որ քաղցր օգտագործելուց անմիջապես շաքարային դիաբետ է առաջանում, դա սխալ է։ Սակայն քաղցրի և շաքար պարունակող մթերքների չարաշահումը կարող է հրահրող գործոն դառնալ։ Ռիսկի խմբում գտնվող անձանց՝ ավելորդ քաշ, ճարպակալում, ժառանգական նախատրամադրվածություն, բարձր ճնշում կամ նստակյաց կենսակերպ ունեցողներին, խորհուրդ է տրվում սահմանափակել հատկապես շաքարով հարուստ մթերքները՝ քաղցրավենիքը, կոնֆետներն ու քաղցր գազավորված ըմպելիքները»,- նշեց նա։
Իսկ արդյո՞ք շաքարային դիաբետը դատավճիռ է, և հնարավո՞ր է ամբողջությամբ ազատվել հիվանդությունից։ Արմինե Խռոյանի խոսքով՝ դիաբետը պահանջում է մշտական վերահսկողություն և բուժման հետևողականություն։ Ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, բավարար քունը և բժշկի նշանակած բուժումը թույլ են տալիս կառավարել հիվանդությունը և նվազեցնել բարդությունների առաջացման հավանականությունը։
«Երբ ասում ենք՝ շաքարային դիաբետը ոչ թե հիվանդություն է, այլ ապրելակերպ, դա չի նշանակում, որ կարելի է առանց դեղորայքի բուժվել։ Դեղորայքը պետք է ընդունել բժշկի նշանակմամբ և հետևողականորեն։ Ես պացիենտներին ասում եմ՝ շաքարային դիաբետը ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե խնամք է պահանջում։ Եթե մարդը ճիշտ է կազմակերպում իր օրը, սնունդը, ֆիզիկական ակտիվությունն ու քունը, ապա արյան գլյուկոզի ցուցանիշներն ավելի վերահսկելի են դառնում»-, եզրափակեց իր խոսքը էնդոկրինոլոգը։
Ալիտա Եղիազարյան



