Հայաստանի դեմ կազմում կլինի 2-3 փոփոխություն․ Լատվիայի ընտրանու մարզիչ
POLITICSԼատվիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոն Հայաստանի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խաղարկության հանդիպմանն ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում խոսել է Չեռնոգորիայից կրած ցավալի պարտության, թիմի կադրային խնդիրների, տակտիկական լուծումների և առաջիկա դիմակայության սպասելիքների մասին։
Իտալացի մասնագետը տեղեկացրել է, որ Հայաստանի դեմ խաղում մեկնարկային կազմում սպասվում է 2-3 փոփոխություն, սակայն թիմի խաղային ձեռագիրն ու հիմնական կորիզը կմնան անփոփոխ։
Անդրադառնալով նախորդ տուրում Չեռնոգորիայից կրած 1:2 հաշվով պարտությանը (մրցակիցը երկար ժամանակ խաղում էր 10 հոգով, սակայն լատվիացիները վերջնամասում ձեռքից բաց թողեցին ոչ միայն հաղթանակը, այլև ոչ-ոքին)՝ Նիկոլատոն նշել է, որ վերջին 8 րոպեների ընթացքում մրցակիցը մոտ 2 ակնկալվող գոլի (xG) պահ է ստեղծել։
«Մենք իրոք շատ էինք ցանկանում հաղթել։ Նույնիսկ այն պահին, երբ Չեռնոգորիան հավասարեցրեց հաշիվը, շարունակում էինք հավատալ մեր հաջողությանը։ Արդյունքում կորցրինք խաղային կառուցվածքն ու հավասարակշռությունը՝ մրցակցին թույլ տալով վտանգավոր հակագրոհներ կազմակերպել և օգտվել ստանդարտ դիրքերից։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ տղաները պատրաստ էին գնալ առավելագույն ռիսկի հանուն հաղթանակի»,- նշել է մարզիչը։
Ըստ Նիկոլատոյի՝ իր թիմին դեռևս փորձ է պակասում նման իրավիճակներում խաղի տեմպը ճիշտ կառավարելու համար, սակայն նա գոհ է առաջին 85 րոպեներին ցուցադրած ֆուտբոլից։ Մասնագետը նաև պաշտպանել է երկրորդ խաղակեսում 4-4-2 սխեմայի անցնելու և երկու հարձակվողով խաղալու իր որոշումը.
«Այդ պահին դա ճիշտ քայլ էր։ Հաշիվը հավասար էր, ունեինք թվային առավելություն, ուստի պետք էր ռիսկի դիմել։ Եվս մեկ պաշտպան խաղադաշտ դուրս բերելը սխալ ազդակ կլիներ ֆուտբոլիստների համար։ Ես չեմ զղջում այդ որոշման համար»։
Իտալացին հավելել է, որ տակտիկական հավասարակշռության կորստի պատճառը ոչ այնքան սխեման էր, որքան ֆուտբոլիստների ավելորդ էմոցիաները։
Հայաստանի հավաքականի դեմ խաղին Լատվիան մոտենում է որոշակի կորուստներով։ Վերջին երկու օրերին առողջական խնդիրներ ունի Դենիս Մելնիկսը։
«Մելնիկսը բուժզննում է անցնում, և, անկեղծ ասած, նրա մասնակցության հավանականությունը բավականին ցածր է»,- ասել է մարզիչը։
Մարկուս Ստրոդսը ևս լիովին պատրաստ չէ, սակայն մարզչական շտաբը հույս ունի, որ նա կհասցնի շարք վերադառնալ։ Փոխարենը կազմ է վերադարձել Մաքսիմս Տոնիշևսկին, որը բաց էր թողել Չեռնոգորիայի դեմ խաղը։ Մյուս ֆուտբոլիստները պատրաստ են հանդիպմանը։
Խոսելով սպասվող ռոտացիայի մասին՝ Նիկոլատոն ընդգծել է, որ փոփոխությունները պայմանավորված են բացառապես ֆիզիկական գործոնով և խիտ գրաֆիկում բարձր ինտենսիվություն պահպանելու դժվարությամբ.
«Վաղը որոշ փոփոխությունների կարիք կունենանք, բայց դրանք շատ չեն լինի՝ հավանաբար 2-3 տեղաշարժ մեկնարկային կազմում։ Թիմը լավ է հանդես գալիս, և դա վերաբերում է ոչ միայն վերջին խաղին, այլև նախորդ հանդիպումներին։ Չեմ ցանկանում էականորեն փոխել ո՛չ խաղային սխեման, ո՛չ էլ թիմի առանցքը»։
Հետադարձ հայացք նետելով Հայաստանի դեմ կայացած առաջին հանդիպմանը՝ Նիկոլատոն պատասխանել է հարցին, թե արդյոք հիմա այլ մեկնարկային կազմ կընտրեր՝ հաշվի առնելով Օսկարս Վիենտիեսի, Դենիս Ցիրկինսի և Անդրեյս Ցիգանիկսի հետագա հաջող ելույթները։ Մարզիչը պարզաբանել է, որ այն ժամանակ առաջնահերթությունը տվել էր պաշտպանական կոմպակտությանն ու փորձին, մինչդեռ երիտասարդների առաջընթացը հետագայում թույլ տվեց ավելի համարձակ ու հարձակողական ֆուտբոլ խաղալ։
Նիկոլատոն առանձնահատուկ գոհունակությամբ է խոսել ձախ եզրում Ցիրկինս – Ցիգանիկս տանդեմի մասին՝ նշելով, որ Ցիրկինսն իրեն լավագույնս դրսևորում է եզրային պաշտպանի դիրքում, թեև կարող է օգտակար լինել նաև խաղադաշտի առջևի հատվածում.
«Ձախ եզրում Ցիրկինսի և Ցիգանիկսի համագործակցությունը հիանալի է աշխատում։ Ես շատ գոհ եմ այդ զույգից, և եթե խանգարող հանգամանքներ չլինեն, չեմ ցանկանա քանդել այդ կապը»։
Անդրադառնալով նախորդ խաղում թիմի ավագ Անտոնիս Չեռնոմորդիսի փոխարինմանը՝ մարզիչը բացատրել է, որ 4 պաշտպանով խաղալիս կենտրոնական պաշտպաններից պահանջվում են այլ որակներ, առաջին հերթին՝ բարձր արագություն։ Ըստ նրա՝ Չեռնոմորդիսն իր տվյալներով ավելի հարմար է 3 կենտրոնական պաշտպանով սխեմային, իսկ փոխարինումը կրել է զուտ տակտիկական բնույթ։
Մարզիչը գնահատել է նաև թիմի առանցքային խաղացողների՝ Յանիս Իկաունիեկսի և Էդուարդս Դաշկևիչսի մարզավիճակը։ Սեպտեմբերյան հավաքը բաց թողած Իկաունիեկսը նախորդ խաղում լավագույն տեսքը չուներ.
«Հնարավոր է՝ Յանիսն այս պահին իր լավագույն մարզավիճակում չէ։ Նա չկարողացավ ցուցադրել իր սովորական մակարդակը, թեև բոլորս գիտենք նրա բարձր որակների մասին»։
Ինչ վերաբերում է Դաշկևիչսին, Նիկոլատոն հերքել է խոսակցությունները, թե նրա փոխարինումը կապված է վստահության պակասի հետ.
«Նա մեր լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նրա որակների հարցում կասկած լինել չի կարող։ Պարզապես Դաշկևիչսը միշտ 100 տոկոսով է տրվում խաղին և երբեմն դժվարանում է ճիշտ բաշխել ուժերը։ Նա փորձում է ամեն ինչ անել առավելագույն արագությամբ՝ իրեն ժամանակ չթողնելով շունչ քաշելու համար։ Բարեբախտաբար, հիմա պահեստայինների նստարանին ունենք համարժեք փոխարինողներ, երբ տղաների ֆիզիկական ուժերը սպառվում են»։
Լատվիայի հավաքականն անկյունայիններից գոլեր է բաց թողել թե՛ Հայաստանի, թե՛ Չեռնոգորիայի դեմ խաղերում։ Նիկոլատոն համոզված է, որ խնդիրը ոչ թե դիրքային սխալներն են, այլ անհատական պայքարներում զիջելը.
«Տղաները ճիշտ դիրքերում են լինում, բայց նման ֆիզիկական պայքարով հագեցած խաղերում մեզ երբեմն պակասում են ուժը, հզորությունն ու սրությունը, ինչի հետևանքով պարտվում ենք միկրոդուելներում։ Չմոռանանք նաև, որ նույն Չեռնոգորիայի հարձակման գծում կան բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս Իտալիայի Ա Սերիայում և կանոնավոր գոլեր են խփում»։
Չնայած վերջին անհաջող արդյունքներին՝ իտալացի մասնագետը վստահեցրել է, որ հանդերձարանում դրական մթնոլորտ է, քանի որ խաղացողները տեսնում են թիմի խաղային աճը.
«Արդյունքները միշտ չէ, որ արտացոլում են խաղի որակը։ Ֆուտբոլիստները լիովին գիտակցում են մեր առաջընթացը, զգում են, որ լավ ֆուտբոլ են խաղում և հաճույք են ստանում այդ գործընթացից։ Իմ գնահատականը չի կարող կախված լինել միայն լուսատախտակի հաշվից. ինձ համար առաջնայինը թիմի շարունակական զարգացումն է»,- եզրափակել է Նիկոլատոն՝ հավելելով, որ Հայաստանի դեմ խաղում իրենց գլխավոր նպատակը խաղային առաջընթացը վերջապես դրական արդյունքի վերածելն է։
Հավելենք, որ Լատվիա — Հայաստան հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 18։00-ին է։



