Պեսկով․ Եվրոպայի բանակցողները դեռ կապ չեն հաստատել Ռուսաստանի հետ
INTERNATIONAL NEWSԵվրամիության կողմից բանակցությունների համար ընտրված ներկայացուցիչները դեռ չեն փորձել կապ հաստատել Ռուսաստանի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դուբլինում կայացած գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները համաձայնեցրել են Ռուսաստանի հետ փորձագիտական բանակցություններին մասնակցող պատվիրակության կազմը։ Դրանում կընդգրկվեն Եվրահանձնաժողովի, Եվրամիության խորհրդի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Լեհաստանի ներկայացուցիչները, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։
Նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում կայացել էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները։ Եվրոպացի ներկայացուցիչները նույնպես մեկնել էին Աբու Դաբի, սակայն բանակցություններին չէին մասնակցել և ռուսական պատվիրակության հետ շփումներ չէին ունեցել։
Այժմ եվրոպական երկրները փորձում են ներգրավվել բանակցային գործընթացում։ Սակայն նոյեմբերի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եվրոպական երկրները նախ պետք է հստակեցնեն՝ ցանկանում են խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմի շարունակություն։
Կրեմլից էլ հայտարարել են, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության Եվրոպայի հետ, եթե եվրոպական երկրները դրա իրական ցանկությունն ունենան, և բանակցություններին մասնակցեն համապատասխան լիազորություններ ունեցող ներկայացուցիչներ։



